չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հյուսիսային մաքսատանը օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում

Հյուսիսային մաքսատանը օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում

Հյուսիսային մաքսատանը օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում: Այս մասին մարտի 11-ին Գյումրի կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ թվի աճով պայմանավորված՝ վերջին շրջանում ժամանակավորապես գործընթացն իրականացվում է նաև Երևանում և Վանաձորում:

«Օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում Գյումրու մաքսատանը  և ավելի քան 200 մաքսազերծման պրոցես է կատարվում, հսկայական աշխատանք է։ Իհարկե, վերջին ամիսներին թիվն այնքան մեծացավ, որ մենք ժամանակավոր Երևանում և Վանաձորում էլ կազմակերպեցինք գործընթացը։ Պետք է հիմա համագործակցենք համայնքի հետ, որպեսզի մաքսատանը հարակից տարածքում ևս մրցույթներ հայտարարվեն և հնարավոր լինի այդ տարածքում ևս մաքսազերծման պրոցես իրականացնել՝ բեռնում և բեռնաթափում կազմակերպել»։

Լրագրողների այն հարցին թե արդյոք այսկերպ ՀՀ-ն չի դառնա տարանցիկ երկիր ՌԴ պատժամիջոցներից խուսափող երկրների համար, Բադասյանը վստահեցրեց, որ  Հայաստանը որևէ օրենք չի շրջանցում, ստանձնած որևէ միջազգային պարտավորություն չի խախտում, և եթե խոսքը վերաբերում է երկակի ռազմական նշանակության ապրանքներին, ապա խստիվ հետևում են բոլոր կարգավորումներին, որոնք առկա են:

  • Կիսվել: