շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում գործող ստարտափներում օտարերկրյա ներդրումների համար պարզ և հասկանալի գործիք կստեղծվի

ՀՀ-ում գործող ստարտափներում օտարերկրյա ներդրումների համար պարզ և հասկանալի գործիք կստեղծվի

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի միջոցով ՀՀ ընկերություններում ներդրումների ներգրավման համար:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվի զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում (ստարտափ) օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ և հասկանալի գործիք, որի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը:

Առաջարկվող կարգավորման համաձայն սահմանվում է, որ ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրով ներդրողը պարտավորվում է ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմաններին հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի և դասի բաժնետոմսեր:

Պայմանագրով սահմանված պայմանները կողմերը որոշում են փոխադարձ համաձայնությամբ` պայմանագրի ազատության սկզբունքի հիման վրա: Որպես կանոն, նման պայմանները ներառում են ընկերության կողմից բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի հրապարակային առաջարկ, որոշակի ծավալի ներդրում ընկերության կանոնադրական կապիտալում երրորդ անձի կողմից, ընկերության բաժնետոմսերի կամ դրանց որոշակի մասի վաճառք և այլն:

  • Կիսվել: