Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է փոխել երկրի պաշտոնական դիրքորոշումը Ֆոլքլենդյան կղզիների պատկանելության հարցում և աջակցել արշիպելագի նկատմամբ ինքնիշխանության մասին Արգենտինայի պահանջին: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։

Նշվում է, որ իսրայելցի դիվանագետներին նաև հանձնարարվել է հանդես գալ այս հարցի շուրջ ուղիղ բանակցությունների օգտին։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, դա կդառնա Իսրայելի դիրքորոշման նկատելի փոփոխություն և կարող է էլ ավելի բարդացնել նրա հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

Հավելենք, որ Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում գտնվող Ֆոլքլենդյան կղզիները բրիտանական անդրծովյան տարածք են, սակայն Արգենտինան դրանք համարում է իր տարածքը և անվանում է Մալվինյան կղզիներ։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը նույնպես աջակցում է արշիպելագի նկատմամբ Բուենոս Այրեսի հավակնություններին։