շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Փոթորիկներ Մեծ Բրիտանիայում. չեղարկվում են գնացքների ու լաստանավերի չվերթները, հազարավոր տներ հոսանքազրկվել են

Փոթորիկներ Մեծ Բրիտանիայում. չեղարկվում են գնացքների ու լաստանավերի չվերթները, հազարավոր տներ հոսանքազրկվել են

«Օսթին» փոթորկից երկու օր անց Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում հազարավոր տներ են հոսանքազրկվել «Բյոլո» փոթորկի պատճառով: Այս մասին տեղեկացնում է PA Media-ն։

Նշվում է, որ առաջիկա օրերին սպասվում են ուժգին քամիներ, հորդառատ անձրևներ և տրանսպորտի աշխատանքի խափանումներ։ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ քամուց պոկված բեկորներն ու հզոր ալիքները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի համար։

Այս սեզոնի արդեն երկրորդ՝ «Բյոլո» փոթորիկն ամենաուժգին քամիները կբերի երկրի հյուսիսային շրջաններ, որտեղ պոռթկումների արագությունը կարող է գերազանցել ժամում 80 մղոնը (շուրջ 129 կմ/ժ)։ Շոտլանդիայում և Անգլիայի հյուսիսում շաբաթ երեկոյից մինչև կիրակի երեկո ուժեղ քամու պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Նույնպիսի նախազգուշացում է գործում նաև Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելքում, իսկ Մեծ Բրիտանիայի մյուս շրջաններում քամու և տեղատարափ անձրևների պատճառով սահմանվել է վտանգի «դեղին» մակարդակ։

Իշխանությունները զգուշացրել են նաև ջրհեղեղների վտանգի մասին։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն Անգլիայում հնարավոր հեղեղումների վերաբերյալ 11 նախազգուշացում է տարածել։ Շոտլանդիայի բարձրադիր շրջաններում մեկ օրվա ընթացքում կարող է թափվել ավելի քան 100 մմ տեղում։ Օդերևութաբանական ծառայության մասնագետ Ալեքս Բերքալի խոսքով՝ հորդառատ անձրևները կընդգրկեն երկրի զգալի մասը, իսկ երեկոյան քամին ավելի կուժգնանա։ Նա նաև նշել է, որ անձրևի և ջրային ցայտքերի պատճառով ճանապարհներին տեսանելիությունը կվատթարանա։

Ինչպես հաղորդվում է՝ փոթորիկն արդեն իսկ խափանել է Անգլիայի հարավ-արևմուտքի էլեկտրամատակարարումը։ National Grid ընկերության տվյալներով՝ ուրբաթ երեկոյան մասնագետները վերականգնել էին ավելի քան 60 հազար տան հոսանքը, սակայն շաբաթ առավոտյան հազարավոր բաժանորդներ կրկին մնացել են առանց էլեկտրականության։ Ընկերությունը հայտնել է էլեկտրահաղորդման գծերի բազմաթիվ վնասվածքների մասին, որոնց պատճառ են դարձել նաև տապալված ծառերն ու կոտրված հենասյուները։

Նշվում է նաև, որ լուրջ խափանումներ են սպասվում նաև տրանսպորտային հաղորդակցության ոլորտում։

  • Կիսվել: