ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ՏԿԵՆ-ի և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև ստորագրվել է  «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

ՀՀ ՏԿԵՆ-ի և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև այսօր ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` փոխնախարար Արմեն Սիմոնյանը կարևորել է ձեռք բերված համաձայնությունները, որոնք արտացոլված են արձանագրությունում, և ընդգծել, որ դրանք երկարատև քննարկումների արդյունք են։

Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը գոհունակություն է հայտնել արձանագրության ստորագրման առիթով և նշել, որ սա երկու կողմերի համար էլ շատ կարևոր իրադարձություն է։

Կողմերը հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում կայացված փոխշահավետ որոշումները խթան կհանդիսանան հետագա քննարկումների համար և նոր շունչ կհաղորդեն «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը։

Արձանագրությունը ստորագրվել է՝ հիմք ընդունելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ինչպես ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նստաշրջանի, այնպես էլ ՀՀ իրավապահ մարմինների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի ընթացքում ծագած տարաձայնությունների լուծման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում։

Նշյալ արձանագրության ստորագրումը կարևոր նշանակություն ունի «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա գործունեության համար և թույլ կտա լուծել նրա առջև դրված այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների և ուղևորների փոխադրումների ծավալի մեծացումը և երկաթուղային շարժակազմի թարմացումը:

  • Կիսվել: