հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի. սովետական առաջին համակարգիչներից դեպի «Սիլիկոնյան լեռներ». Forbes

Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի. սովետական առաջին համակարգիչներից դեպի «Սիլիկոնյան լեռներ». Forbes

Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրի տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացման վրա: Ըստ ամսագրի՝ Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի՝ համաշխարհային խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով:
 
ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ հեղինակ Քրեյգ Սմիթը ներկայացրել է երկրի ընդհանուր տնտեսական պատկերը՝ նշելով, որ տեխնոլոգիական արդյունաբերությունն այժմ Հայաստանի ամենաարագ աճող ոլորտն է, որն իր զարգացման տեմպերով 2023 թ. գերազանցել է տնտեսության հիմնական շարժիչ հանդիսացող հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները: Արդյունքում երկրի տնտեսությունը վերելք է ապրում: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2023 թ. Հայաստանը 7 տոկոս տնտեսական աճ է ունենալու՝ երկիրը դարձնելով տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսությունը:
 
«Հայաստանի տնտեսական զարգացման ապագան գիտելիքահենք, բարձր եկամուտ ապահովող արտադրանքի մեջ է»,- «Ֆորբսի» հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
 
Նախարարն այդ մոտեցումը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, և լոգիստիկ ծախսերը թույլ չեն տալիս ֆիզիկական ապրանք արտահանել մրցունակ գներով:
 
Ամսագրի հեղինակն իր հերթին հղում է արել տարբեր միջազգային վարկանիշների, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացող տեխնոլոգիական կենտրոն: Հայաստանի տեխնոլոգիական վերելքը «Ֆորբսը» բացատրում է ոչ միայն իր պատմական ժառանգությամբ՝ որպես ԽՍՀՄ գլխավոր տեխնոլոգիական կենտրոններից մեկի, այլև հայկական սփյուռքի մեծ ներուժով: Նշվում է, որ այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են «Մոդեռնա» բիոտեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Apple ընկերության նախկին տեխնիկական տնօրեն և macOS օպերացիոն համակարգի ստեղծող Ավետիս Թևանյանը, պահպանում են իրենց կապը հայրենի երկրի հետ:

  • Կիսվել: