ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Գյուղատնտեսական նպատակների համար տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա

Գյուղատնտեսական նպատակների համար տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումները։

Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է հաստատված 13 միջոցառումների կատարման ամենօրյա մշտադիտարկման արդյունքների ամփոփմամբ։

Տնտեսական աջակցության ծրագրերի մասով նշվել է. 1-ին միջոցառման շրջանակում հաստատվել է 249 վարկային հայտ, ծավալը՝ 13 մլրդ 159 մլն դրամ, 2-րդ միջոցառման շրջանակում՝ 2943, որից 2632-ը գյուղացիական տնտեսությունների աջակցությանն ուղղված միկրովարկերն են, 311-ը՝ մնացած գյուղատնտեսական նպատակների համար տրամադրված վարկերը։ Ընդհանուր առմամբ 2-րդ միջոցառմամբ արդեն հատկացվել է 4 մլրդ 343 մլն դրամ։ 3-րդ ծրագրով բավարարվել է 343 հայտ՝ 3 մլրդ 926 մլն դրամ ընդհանուր գումարով։ 5-րդ ծրագրով 9901 փաստացի շահառուի վճարվել է 1 մլրդ 597 մլն դրամ, 10-րդ-ով՝ 1485 փաստացի շահառուի վճարվել է 83.4 մլն դրամ։

Սոցիալական օժանդակության ծրագրերի մասով զեկուցվել է հետևյալը. ամբողջությամբ ավարտվել են 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումները, նույնականացված բոլոր շահառուներին տրամադրվել է նախատեսված ֆինանսական աջակցությունը: 8-րդ ծրագրով ֆինանսական օժանդակություն է տրամադրվել 80505 շահառուի, ծավալը՝ 5 մլրդ 571 մլն դրամ, ևս 4227 դիմում մշակման փուլում է։ 9-րդ միջոցառմամբ փոխանցում է կատարվել 51791 շահառուի, ծավալը՝ 1 մլրդ 398 մլն դրամ, ավելի քան 130000 դիմում մշակվում է։ 11-րդ և 12-րդ միջոցառումներն ավարտված են, նախատեսված վճարումներն ամբողջությամբ կատարված են։ 13-րդ միջոցառումը իրականացման փուլում է։  

Արդյունքների ամփոփումից հետո անդրադարձ է եղել դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերի կատարմանը վերաբերող մի շարք հարցերի։ Վարչապետը կարևորել է միջոցառումների արդյունավետ իրականացումը և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին։

Ապա քննարկվել են կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ հետագա անելիքները։ Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղատնտեսական նպատակների համար տրամադրվող վարկային պորտֆելի ավելացման հարցին։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ երեկ կառավարությունում կայացած խորհրդակցության արդյունքները, աջակցության գործիքակազմը և ներկայացված առաջարկները։ Մտքերի փոխանակության ընթացքում ձևավորվել է ընդհանուր մոտեցում՝ այս փուլում ավելացնել ոլորտին տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը և ընթացիկ պահանջարկը բավարարելուց հետո քննարկել ծրագրի հետագա ընթացքը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է գյուղատնտեսության ոլորտի խթանումը հակաճգնաժամային աջակցության կարևոր ուղղությունների շարքում և հաշվի առնելով այս գործիքի արդյունավետությունը՝ կընդլայնի 2-րդ միջոցառման շրջանակում տրամադրվող վարկային պորտֆելի ծավալը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով սեղմ ժամկետում հաստատման ներկայացնել համապատասխան նախագիծ։

Խորհրդակցությանը նաև ներկայացվել են բնապահպանական և միաժամանակ սոցիալական էֆեկտի հնարավորություն ունեցող նախագծերի առաջարկներ։ Քննարկվել են դրանց իրականացման մեխանիզմներին և գործիքներին վերաբերող հարցեր։ Վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումներն առաջարկների կոնկրետացման և ծրագրերի մշակման ուղղությամբ:

 

 

  • Կիսվել: