երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցակայանները պատշաճ կերպով ստուգումներ չեն իրականացնում

Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցակայանները պատշաճ կերպով ստուգումներ չեն իրականացնում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցման կայանները պատշաճ կերպով համապատասխան ստուգումներ չեն իրականացնում: Նրա գնահատմամբ՝ գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սանոսյանն ասաց, որ հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տեսչության մասնագետները 173 կայան են այցելել:

«Մեր մասնագետները 1520 տրանսպորտային միջոց են ստուգել, և 234 արձանագրություն է կազմվել: Այդ օրերի արդյունքում մենք ունենք 80 միլիոն դրամի տուգանք: Տեսչության մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք գործընթացը շարունակել այնքան, մինչև գազալցման կայանները խելքի կգան և կպահանջեն համապատասխան փաստաթղթերը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գազաբալոնների ստուգման 50-ից ավելի կայան արդեն գործում է: Դրանց մեծ մասը Երևանում են:

Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

 

  • Կիսվել: