Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով
Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՏԿԵ նախարարի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Ստուգումների համար առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազության դիմումը, որին էլ նախորդել էր «Հետքի»-ի հոդվածը։
Մայիսի 16-ին «Հետքը» հրապարակել էր «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հոդված։Հրապարակման մեջ ներկայացրել էինք Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գտնվող հողամասի ձեռքբերման և կառուցապատման մանրամասները։ Նախարարը պարզաբանել էր, որ տունը կառուցվում է ծնողների համար եղբայրների միջոցով, որոնք արտագնա աշխատանքի միջոցով են գումար վաստակել։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքներին իրավական պատշաճ գնահատական չտալու հարցերին, հակադարձել է, որ եթե հիմքեր լինեն, քրեական վարույթներ կնախաձեռնվեն։
«Ես ոչ մի բանից չեմ կաշկանդվում՝ ո՛չ անձերից, ո՛չ այդ մարդկանց զբաղեցրած պաշտոններից»,- նշել է Սասուն Խաչատրյանը և հայտարարել, որ ՔՊ-ականների վերաբերյալ որոշումներ կայացնելուց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի խորհրդակցում։