Սուբվենցիոն ծրագրերն ամեն տարի աննախադեպ աճում են. Սանոսյանը՝ 2023-ի հատկացումների մասին
Գնալով համայնքներին շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում՝ թե՛ ֆինանսական, թե՛ այլ ուղղություններով: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Սուբվենցիոն ծրագրերն ամեն տարի աննախադեպ աճում են, և մենք նախորդ տարի թեև բյուջեով 22 միլիարդ դրամ էինք նախատեսել, բայց, այնուամենայնիվ, հատկացրել ենք 30 միլիարդ 300 միլիոն: Եվ այս ուղղությամբ մեր կատարողականը գերակատարվել է և կազմում է 137 տոկոս, ինչը մեր բնակավայրերում, մեր համայնքներում հսկայական փոփոխություններ է բերել տարբեր ենթակառուցվածքների տեսքով»,- ասաց նախարարը:
Սանոսյանը նաև նշեց, որ 2023-ին մոտ 69,7 միլիարդ դրամի հատկացումներ են արվել համայնքներին, որը նույնպես, ըստ նախարարի, հսկայական աջակցություն է և հնարավորություն՝ տարբեր ուղղություններով ծախսեր իրականացնելու:
«3 միլիարդից ավելի հրատապ ծրագրեր են իրականացվել համայնքներում, որոնք նախատեսված չեն եղել, բայց անհրաժեշտություն է առաջացել, և Կառավարությունն այդ հատկացումն արել է:
Ինչպես նաև պետական գույքից օտարումների ժամանակ մենք բավականին մեծ համայնքներին մասնաբաժին ենք հանել, մոտ 3 միլիարդի է մոտենում այդ գումարը, տարբեր պետական գույքեր օտարելու ժամանակ համայնքային բյուջե մուտքեր են արվել»,- ասաց նա: