հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Expo 2020-ում Հայաստանի տաղավարը գրավել է շատ երկրների ներկայացուցիչների ուշադրությունը․ Քերոբյանը մանրամասներ է հայտնել

Expo 2020-ում Հայաստանի տաղավարը գրավել է շատ երկրների ներկայացուցիչների ուշադրությունը․ Քերոբյանը մանրամասներ է հայտնել

Expo 2020-ում Հայաստանի տաղավարն իր առանձնահատկությամբ գրավել է շատ հյուրերի, տարբեր երկրների ներկայացուցիչների ուշադրությունը, դրա շրջանակում կապեր են ստեղծվել տարբեր երկրների հետ։ 

Expo 2025-ը կայանալու է Ճապոնիայի Օսակա քաղաքում, որտեղ Հայաստանը հավակնում է ներկայանալ ավելի բարձր կատեգորիայում։ Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վերջինս առանձնացրեց, որ Օսակայում Հայաստանը առանձին շենք է ունենալու, որի դիզայնն ու բովանդակությունը ներկայացնելու է մեր երկիրը։  

«Օսակայի համար ուրիշ պլաններ ունենք՝ վերցնել առանձին շենք , սեփական հայեցակարգով մշակել։ Ասիական շուկայի համար պետք է նոր բան մտածել։ Այլ հարց է արաբական երկրի հետ առևտրային ոլորտում համագործակցելու եզրեր գտնելը, մեկ այլ բան պետք է մտածել Ճապոնիայում ներկայանալու համար։ Լեզուն և ուղերձը պետք է ուրիշ լինի»,- ընդգծեց Քերոբյանը։ 

Նա նշեց, որ Expo 2020-ի Ազգային օրվա պաշտոնական բացման իր ելույթում առանձնացրել է աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։ 

«Մեր երկու ամենագրավիչ առավելությունները այս պահին բիզնես միջավայրն ու ՏՏ ոլորտն են։ Այդ երկուսը առավելություններ ունեն մեր տնտեսության մեջ։

Expo 2020-ին հավուր պատշաճի ներկայացրել ենք ՏՏ ոլորտը։ Ի տարբերություն այլ ոլորտների՝ մեր արտադրողականությունը ոլորտում չի զիջում այլ երկրներին, ինչքան, օրինակ մյուս ոլորտները։ Այստեղ մենք կարող ենք մրցունակ լինել։ Ելույթում շեշտը դրել եմ նաև ՏՏ ոլորտի վրա»,- ասաց Քերոբյանը։

Ինչպես ընդգծեց Քերոբյանը՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարությունների, արհեստական բանականության և մի շարք այլ ոլորտներում՝ մատնանշելով այն մեծ ինտելեկտուալ ռեսուրսը, որ ունի Հայաստանը տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։

Քերոբյանը նաև կարևորեց Հայաստանի դերը Expo 2020-ում, ընդգծելով, որ ստեղծվել են կապեր տարբեր երկրների՝ Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ղասախստանի, Սլովենիայի և այլ երկրների հետ։

«ՆԱԿ-ը (enterprise armenia) կնքեց փոխըմբռնման հուշագիր Աբուդաբիի առևտրա-արդյունաբերկան պալատի հետ։Կարևոր եմ համարում, որ հետևողական լինենք,  իրագործենք  հուշագրի մեջ գրվածը»,- նշեց Քերոբյանը։

Նա պատմեց, որ Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ դա վկայում է երկու երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների մասին։ Նա վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հաջողություններ և համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար, քանի որ հատկապես հիմա այս խոշորագույն ցուցահանդեսը հիանալի հարթակ է՝ միանալու ավելի կայուն ապագա կերտելու գլոբալ քննարկումներին։

Քերոբյանը վստահեցրեց՝ Հայաստանի տաղավարի առանձնահատկությունը գրավել է շատ հյուրերի և երկրների ներկայացուցիչների։

Նա առանձնացրեց հայկական տաղավարի  պատմամշակութային ցուցանմուշները, հնագիտական նյութերը՝ հնագույն արձանիկները, զարդերը, սեպագիր արձանագրությունները, հնագույն ձեռագրերը ու գրքերը, ինչպիսիք են «Ուրբաթագիրքը»՝ տպագրված հայկական առաջին գիրքը, 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկ»-ը, 13-րդ դարում Անանիա Շիրակացու կողմից գրված թվաբանության վերաբերյալ աշխատությունը և այլն։ 

«Այցելուները հնարավորություն են ունեցել նաև AR (Augmented Reality) տեխնոլոգիայի միջոցով տեսնելու հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից յուրաքանչյուրի ստեղծման և էվոլյուցիայի ընթացքը»,- ասաց նախարարը:

Նա կարևորեց ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրը տեղի ունեցած ելույթը սիմֆոնիկ նվագախմբի, «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթի մասնակցությամբ։ 

Քերոբյանը ներկայացրեց, որ տաղավարները բաժանվում են երեք կատեգորիայի՝ A, B և C։ Հայաստանը պատկանել է ամենամատչելի՝ C կատեգորիային, իսկ տաղավարների համար արաբական կողմը Հայաստանին հատկացրել է 1,5 մլն դոլար արժողությամբ շենք։

«Մենք կամ պետք է մասնակցենք պատշաճ կամ պետք է չմասնակցենք ընդհանրապես։ Չենք կարող գնալ 100 երկրի մեջ ցույց տալ, որ մենք ամենախեղճն ենք։ Հաջորդ Expo-ին B կատեգորիայի համար ենք դիմելու»,- վստահեցրեց նա։ 

Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր Expo ունի իր փիլիսոփայությունը։ Մտավախություն հայտնեց, որ 2025-ին կարող է Էներգախնայող հայեցակարգն ընտրեն Expo-ի համար։ Նա ընդգծեց, եթե այդ հայեցակարգն ընտրվի,  ապա Հայաստանը շատ աշխատանքներ կունենա անելու։ Այս անգամ մեր երկիրը ասիական շուկային է հարմարվելու։

  • Կիսվել: