երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երևանի 2020 թվականի «աննախադեպ» բյուջեն ու 2019թ-ի  7,8 մլրդ դրամի թերծախսը

Երևանի 2020 թվականի «աննախադեպ» բյուջեն ու 2019թ-ի 7,8 մլրդ դրամի թերծախսը

Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հնգամյա ծրագրում խոսք չկա նոր վերելակների ձեռքբերման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ ներկայացնելով 2020 թվականի Երևանի քաղաքային բյուջեն:

Ավելին, ըստ նրա, այդ ծրագրում նույնիկս բացակայում է Աջափնյակ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների վերելակների նորոգման  համար նախատեսված ծախսը։ Անի Խաչատրյանի խոսքով՝ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերում վերելակների թիվը 4 հազար 428  է, որից շուրջ 2 հազարն ունի հիմնանորոգման կամ փոփոխման կարիք:

«Վերելակների հիմնանորոգման փոխարեն հնգամյա ծրագրում նախատեսվում է 44 մլն դրամ հատկացնել դրոշների համար, այսինքն՝ այնքան, որքան եղել է Տարոն Մարգարյանի ժամանակ»,- ընդգծեց ավագանու անդամը։

Անի Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ ծրագրում ստորգետնյա, վերգետնյա անցումների մասին ևս խոսք չկա, միայն մետրոպոլիտենի և Կասկադի մասին գրված է, սակայն դրանց կանդրադառնան «կախված ներդրումներից»:

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ ուշադրություն չի դարձվել նաև կանգառներին։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքում կա 850 տրանսպորտային կանգառ, որից 348-ը կանգառասրահներ չունեն, իսկ քաղաքապետարանի 5-ամյա ծրագրով նախատեսվում է  վերանորոգել ընդամենը 130 կանգառասրահ:

«Պարոն Փաշինյանը, բազմաթիվ անգամ խոսել է կանգառասրահներից, դրանց խայտառակ վիճակից, որ մարդիկ մնում են անձրևի տակ։ Եթե այդ 130-ն էլ առաջիկա 4 տարում նորոգվեն, առնվազն կանգառների կեսում չեն լինելու կանգառասրահներ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Անի Խաչատրյանը անդրադարձավ նաև դրական կետերին։ Մանսավորապես, կարևորեց  հնգամյա ծրագրում քաղաքային իշխանության այն խոստումը, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրմանը զուգահեռ 100 նոր տրոլեյբուս կներկրվի Երևան։

Անդրադառնալով բյուջեով նախանշված ցուցանիշներին՝ Անի Խաչատրյանը նշեց, թե հայտարարում են՝ Երևանի բյուջեն 2020 թ-ին 24 մլն դրամով ավելացել է, սակայն դա ոչ թե իրենց ձեռքբերումն է, այլ այն, որ կառավարության կողմից տրվող սուբվենցիաներն են ավելացել։ Բացի այդ, բյուջեն  ավելացել է տուրքերի բարձրացման հաշվին։

Ըստ բանախոսների՝ հաջորդ տարվա բյուջեն կազմում է 107 մլրդ 120 մլն դրամ, որի 70 տոկոսը պետության կողմից տրված սուբվենցիաներն են:

Անի Խաչատրյանը  աննախադեպ համարեց նաև 2019 թվականի բյուջեով թերծախսը՝ 7,8 մլրդ դրամ. «Այսինքն՝ եթե հիմա հայտարարում են, որ ավելացնում ենք ասենք, կանաչապատման բյուջեն, մենք չգիտենք՝ իրենք իսկապես ավելացնո՞ւմ են բյուջեն, թե՞ նախորդ տարվա չարածն են կցում հաջորդ տարվա ծախսերին»

 

  • Կիսվել: