երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Համազգեստով մարդկանց հետևը թաքնվելով տղամարդ են ձևանում. մի օր զրկվելու եք դրանից. Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին

Համազգեստով մարդկանց հետևը թաքնվելով տղամարդ են ձևանում. մի օր զրկվելու եք դրանից. Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին

Իշխանության վերաբերմունքը և հարձակումը Դաշնակցության նկատմամբ շատ բնական է, որովհետև գոյություն ունի թուրքական խամաճիկ կառավարություն, ապազգային, հայկական շահերից հեռացած մի միավորում և այո, Դաշնակցությունը այս իշխանությունների խորքային գաղափարական հակառակորդն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այո, նաև կա այդ գաղափարական բախումը և Հայաստանի տեսլականի, ապագայի և հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հետևաբար իրենց հարձակումը Դաշնակցության և առհասարակ ազգային ուժերի, ազգային գործիչների նկատմամբ, բնական է, որովհետև եթե դուք նայեք Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը ու Հայաստանի կառավարության ու ՔՊ-ական մեծամասնության խքոսույթը, դրանք նույն են, որովհետև Հայաստանի թշնամիները և սրանք, այո, ատում են ազգային ուժերին, իսկ ՀՅԴ-ն իր կենսագրությամբ, պատմությամբ, ազգային գաղափարախոսությամբ այսօր Հայաստանի ամենա ընդլայնված ու համահայկական ազգային ուժն է։  Հետևաբար մեր և իրենց բախումը անձնական չէ, այլ խորը գաղափարական բախում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում՝ այ պոռնիկներ, Սաղաթելյանն ասաց. «Գիտեք, դրանք տղամարդկային տարրական բաներ չունեն: Ասենք զորքին հրահանգ են տալիս, դռան հետևը սպասեք, հենց կասենք՝ այդ ժամանակ կմտնեք, այնտեղ մարդկանց հանձնարարական են տալիս՝ դու սրա վրա կհարձակվես: Մի օր զրկվելու եք այս պետական պաշտպանությունից, ու այն ժամանակ, եթե մեջներդ տղամարդ կա, ցանկացած իրավիճակում, որ կարող է խոսի ու ասածներին պատասխան տա, կտեսնենք: Ծանո՞թ եք չէ այդ մարդկանց կենսագրությանը, ապրածին: Հիմա թաքնվել համազգեստով մարդկանց հետևը, տղամարդ ձևանալ ճիշտ չի, էլի»:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ուժային ու իրավապահ կառույցների ղեկավարը ՔՊ-ի պաշտպանությամբ զբաղվող հակաօրինական, հակասահմանադրական մարմիններ են. «Այս նույն խորհրդարանում այդ ամբոխը հարձակվել է պատգամավորի օգնականների վրա, հազար հանցագործություններ են արել, այդ իրավապահ համակարգը մնացել է լուռ։ Հետևաբար նրանք այս պետության, պետության շահերի հետ կապ չունեն, դրանք այս հանցավոր խմբակին ծառայող գործիքներ են ու բազմաթիվ անգամ դա ապացուցել են»:

  • Կիսվել: