ՔՊ-ն փախավ ավագանու նիստերի դահլիճից. հատ–հատ տանելու ենք մինչև իրենց վերջնական անկումը. Մանուկ Սուքիասյան
Երեւանի ավագանու այսօրվա նիստում ընմիջումից հետո ՔՊ խմբակցության անդամները չներկայացան եւ նիստը ավարտվեց:
Նշենք, որ մնացել էր քննարկելու օրակարգի վերջին հարցը, որը նախաձեռներ էր «Մայր Հայաստան» խմբակցությունը: Դրանով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր կասեցնել տրանսպորտի թանկացման մասին որոշումը մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղևարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղևարձի ինքնարժեքը:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը դահլիճում հայտարարեց. «Հերթական անգամ արձանագրվեց, որ Երևանը այս պահին ղեկավարում են երկչոտ և անպատասխանատու մարդիկ, որոնք հերթական անգամ իրենց իսկ հրավիրած նիստի կեսից ճողոպրեցին: Երևանցին այս ամեն ինչը տեսնում է, ֆիքսում է և Երևանի տրանսպորտային համակարգի վերաբերյալ մեր նախագծերը դարձել են ոսկոր իրենց կոկորդին:
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ դահլիճում, թե՛ փողոցում, թե՛ դատարաններում, «Մայր Հայաստանի» ձեռքից «Քաղաքացիական պայմանագիրը» պրծում չի ունենալու և այսպես հատ-հատ ամեն հարցով, ամեն ուղղությունով պայքարելով, մենք իրենց տանելու ենք մինչև իրենց վերջնական անկումը և հեռացումը իշխանական լծակներից»:
Անդրադառնալով իրենց ներկայացրած նախագծին, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Քանի որ տրանսպորտի սակագների վերաբերյալ ամենամեծ ելակետային արժեքը, թիվը ուղևորափոխադրումներին է վերաբերում, թե քանի ուղևոր է տեղափոխվում մեկ օրվա ընթացքում, մեկ ամսվա և նաև մեկ տարվա կտրվածքով, Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը տրանսպորտի թանկացման որոշման գործողությունը կասեցնելու մասին է:
Թե՛ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, թե՛ նախորդ նիստերի ընթացքում, թե այս հարցի քննարկման ժամանակ իշխող կազմավորման վարքագիծը ամենամեծ անհարգալից վերաբերմունքն է երևանցու նկատմամբ, եթե իրենք ոչ մի բարդույթ չունեին, թվաբանությունը, վիճակագրությունը լսելու ոչ մի խնդիր չունեին, եթե իրենք չեն կոծկում, չեն պարտակում, ստվերի մասին խոսք չկա, իրենք պարտավոր էին գալ»,-ասաց նա: