երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երևանի ավագանու նիստն ընդմիջումից հետո քվորում չլինելու պատճառով ընդհատվեց

Երևանի ավագանու նիստն ընդմիջումից հետո քվորում չլինելու պատճառով ընդհատվեց

Ապրիլի 22-ին մեկնարկած Երևանի ավագանու նիստն ընդմիջումից հետո քվորում չլինելու պատճառով ընդհատվեց:

Նշենք, որ ընդմիջումից առաջ քննարկվում էր նոր ձեռք բերված Karcher ավտոմեքենաների թվաքանակով վարորդների հաստիքացուցակ ընդունելու հարցը: Խոսքը 12 լվացման և աղբի մեքենաների համար 12 հաստիքացուցակ ավելացնելու մասին էր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց քվեարկություն, ընդդիմությունը միաժամանակ ընդմիջում պահանջեց, սակայն քվեարկությունն արդեն հայտարարվել էր: Առանց քվեարկության արդյունքները հրապարակելու՝ Ավինյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում, մինչդեռ նիստը վերսկսվեց ավելի քան 1 ժամ հետո:

Տիգրան Ավինյանին փոխարինող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը նախ հայտարարեց, որ նախորդ հարցը քվեարկության դրվել էր, և կրկին քվերակության դնելու կարիք չկա, ապա նիստը շարունակելու քվորումն ապահովելու համար ավագանու անդամներին խնդրեց գրանցվել ու հայտարարեց. «Եթե քվորում ունենք, շարունակում ենք նիստը, եթե չունենք, ապա կանոնակարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետով այս նիստը պետք է համարել չկայացած»:

Քվորում չկար, քանի որ նիստին չէին մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները:

Հիշեցնենք, որ հաջորդ հարցը, որ պետք է քննարկվեր, «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծն էր, որով առաջարկվում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնել։

  • Կիսվել: