չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երեք բանկ արդեն միացել է թոշակառուներին 10% հետվճար տրամադրելու ծրագրին․ Նարեկ Մկրտչյան

Երեք բանկ արդեն միացել է թոշակառուներին 10% հետվճար տրամադրելու ծրագրին․ Նարեկ Մկրտչյան

«Կառավարության նիստում ներկայացրի այն 3 բանկերը՝ Արդշինբանկ, Հայբիզնես բանկ, ՎՏԲ, որոնք այս պահի դրությմաբ միացել են  ծրագրին և համարվում են կառավարության գործընկեր բանկ»,- աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ծրագրին անդրադարձավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարի խոսքով,ծրագիրը պետություն-մասնավոր հատված սոցիալական պատասխանատվության  լավագույն օրինակներից է․  «Երբ մասնավոր ոլորտն իր բաժին պատասխանատվությունն է վերցնում սոցիալական պաշտպանության ոլորտում  խնդիրները մեղմելու ուղղությամբ։ Հետվճարի 5 տոկոսը պետության կողմից  է տրամադրվում, 5  տոկոսը բանկերի կողմից»։

Նարեկ Մկրտչյանը նշեց նաև, որ  գործակցության շրջանակը բաց է, բանկերը դեռ կարող են  միանալ  նախաձեռնությանը։

Ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հարց ուղղեց, թե արդյոք ծրագիրը միայն նշված 3 բանկերի հաճախորդների համար է․ «Բոլոր այն քաղաքացիները, որոնք այդ 3 բանկերի կողմից են սպասարկվում,հուլիսի 1-ից սկսած  առևտրի դեպքում՝ գործարքների, գնումների, ծառայությունների դիմաց վճարումների համար կաստանան մինչև 10 տոկոս, բայց ոչ ավել քան 5 հազար դրամի հետվճար կստանան։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք օգտվում են այլ բանկերից  չեն կարող հանդիսանալ այս ծրագրի շահառու»։

Նախարարը նշեց, որ կենսաթոշակառուներն ունեն մեկ ամիս ժամանակ նշված բանկերի հաճախորդ դառնալու համար։

Գևորգ Պապոյանն էլ հավելեց․ «Պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին օգտվել այս բանկերի ծառայություններից, որպեսզի կարողանան այս հետվճարը ստանալ։  Սա գովազդ չէ, սա մեր քաղաքացիների համար է, որպեսզի հետագայում չլինի կոնֆլիկտ և խնդիր։ Ու երբ օգոստոսին չստանան այդ հետվճարը՝ չասեն, որ կառավարությունն  ասեց մի բան, բայց իրականում դա տեղի չունեցավ։ Կոչ կանեմ նաև մյուս բանկերին միանալ այդ գործընթացին, խոստանում ենք այդ բանկերի անունները ևս ԱԺ-ում հիշեցնել, եթե նրանք միանան  գործընթացին և մենք  ամբողջ ծավալով կապահովենք արդարությունը»։

  • Կիսվել: