հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի փակման արարողությանը

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի փակման արարողությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի Համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի փակման արարողությանը։ Ծրագիրն ուղղված է եղել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը։

Նախարարությունից հայտնում են, որ շնորհավորելով ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ նախարար Մկրտչյանն իր ելույթում ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ համակարգի զարգացման, ինչպես նաև սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործում։

 «Մեզ համար կարևոր է համակարգում տեսնել բանիմաց, իրենց մասնագիտական պարտականություններին քաջատեղյակ, պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների, ովքեր պատրաստ են կյանքի դժվարին իրավիճակներում լսել մարդկանց, նրանց կողքին լինել և, ըստ անհրաժեշտության, ցույց տալ հասցեական, օպերատիվ ու կազմակերպված արձագանք՝ լուծում պահանջող խնդիրներին։ Մեր նախարարությունը շարունակելու է սոցիալական աշխատանքի կայացման գործը ու ջանքեր է գործադրելու սոցիալական աշխատանքի շարունակական պրոֆեսիոնալիզացիայի ինստիտուցիոնալ գործիքներ ներդնելու նպատակով»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հաճախ խոցելի իրավիճակում հայտնված մարդիկ անտեսված են, և հենց այստեղ է, որ կարևոր դեր ունեն համայնքի սոցիալական աշխատողները: Նրանց դերն է բացահայտել, գտնել և ծառայել այն մարդկանց, ովքեր գտնվում են մոռացության վտանգի տակ: Հատկանշական է սոցիալական աշխատողների նվիրված ծառայությունը COVID-ի ժամանակ և վերջերս՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հոսքի հետ կապված»,- միջոցառման ընթացքում իր բացման խոսքում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

«Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել CLASS ծրագրում ներգրավված մեր բոլոր գործընկերներին։ Համագործակցությունը նույնպես սոցիալական ծառայության օրինակ է։ Այս ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է Ազգային և տեղական մակարդակներում գործընկերների գերազանց համագործակցությամբ։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում ընթացող բարեփոխումներին մշտապես աջակցեու համար»,- իր բացման խոսքում նշեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

Ծրագիրն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ։ 2017 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն նախաձեռնեց «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը՝ համագործակցելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցության կենտրոնի և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ:

Ծրագրի հիմնական ձեռքբերումներն են՝

  • CLASS-ը առանցքային դեր խաղաց Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացման գործում:
  • CLASS-ը զգալիորեն բարելավեց անապահով ընտանիքների կյանքը Հայաստանի բոլոր 10 մարզերում և Երևանում:
  • CLASS-ի շրջանակում բարելավվեց դեպքի վարման պրակտիկան՝ ապահովելով ավելի լավ աջակցություն առավել խոցելի երեխաների և ընտանիքների համար:
  • CLASS-ը հզորացրեց աղքատության մեջ ապրող ընտանիքներին՝ խթանելով նրանց դիմակայունությունը:
  • CLASS-ը կարևոր աջակցություն ցուցաբերեց հակամարտությունից տուժած կանանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և նրանց դիմակայունության ամրապնդման համար:
  • CLASS-ը կայուն համագործակցություն հաստատեց Երևանի պետական համալսարանի, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ՝ սոցիալական աշխատողների վերապատրաստման համապարփակ ուսումնական պլան մշակելու համար:

  • Կիսվել: