շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Չոր նավահանգիստը» գտնվում է խորը ուսումնասիրման փուլում. Քերոբյանը հավատում է գաղափարին

«Չոր նավահանգիստը» գտնվում է խորը ուսումնասիրման փուլում. Քերոբյանը հավատում է գաղափարին

Շիրակի մարզում «չոր նավահանգիստ»ստեղծելու ծրագիրն իրատեսական է և այժմ գտնվում է խորը ուսումնասիրման փուլում: Այսօր Գյումրու «Թումո» կենտրոնում մեկնարկած «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելանին քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
«Այսօր մենք ունենք ընկերություններ, որոնք արդեն նախնական հետաքրքրություն են հայտնել «չոր նավահանգստի» հանդեպ: Գործընթացի տասը տոկոսն ենք անցել, և դեռ չի կարելի հաստատել, որ այդ ծրագիրը կլինի, բայց այսօրվա թվերը ցույց են տալիս, որ խոստումնալից նախագիծ է, և մենք հավատով առաջ ենք գնում»,- ասաց Քերոբյանը` հավելելով, որ եթե իրադարձությունները հաջող զարգանան, տարեվերջին կհայտարարվի կառավարումն իրականացնող ընկերության մրցույթ։
 
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «Չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։

  • Կիսվել: