չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բենզինի գինը դարձյալ բարձրացել է. որն է պատճառը (տեսանյութ)

Բենզինի գինը դարձյալ բարձրացել է. որն է պատճառը (տեսանյութ)

Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով։ Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով: Իսկ ահա պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390- դրամով, գրում է armlur.am-ը:

Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով, թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ բենզինի շուկան իրենց ուշադրության կենտրոնում է եւ այնտեղ մոնիտորինգ են անում։ Ապա նշեցին, որ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում:

Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 4-ի տվյալներով, կազմել է մոտ 369 դրամ, Ռուսաստանում՝ մոտ 332 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 242 դրամ, Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 211 դրամ:

Նշենք, որ Հայաստանը հնարավորություն ունի Ղազախստանից մեծ քանակությամբ եւ մատչելի գներով բենզին ներկրել, քանի որ ղազախական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ զրոյացրել է նավթամթերքի արտահանման տուրքերը։ Հայաստանի հանրությունը հույս ուներ, որ բենզինի գինն այս ամենի արդյունքում զգալի կնվազի։ Բայց ինչպես տեսնում եք՝ Հայաստանում բենզինի գինը ոչ թե նվազում է, այլ՝ բարձրանում։

 

  • Կիսվել: