հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանկերը կդիտարկեն պատերազմում հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը․ ՀԲՄ

Բանկերը կդիտարկեն պատերազմում հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը․ ՀԲՄ

Բանկերը կդիտարկեն պատերազմում հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

 

«ՀՀ առևտրային բանկերն իրենց հնարավորությունների առավելագույն չափով կդիտարկեն նախագծով նախատեսված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը՝ առավելևս, որ նախագիծը եղել է բանկերի նախաձեռնությունը»,- ասվում է ՀԲՄ պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվում առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Այսինքն, նախագծի ընդունումից հետո ոչ թե համատարած ներվում են զոհերի և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը, այլ պետությունը հրաժարվում է հարկից, որը պետք է առաջանար վարկի ներման ժամանակ:

 

Նշենք, որ նախագիծը վերաբերում է ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձին, այլև նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողի վարկային պարտավորությունների ներման դեպքում բանկերի և վարկային կազմակերպությունների համապատասխան հարկային կարգավորումներին:

  • Կիսվել: