հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանակցային փուլում է ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի հիմնական համաձայնագրի կնքումը. նախարար

Բանակցային փուլում է ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի հիմնական համաձայնագրի կնքումը. նախարար

2021-ին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.74 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20.7 տոկոսով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2021 թվականին կազմել է 888.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 1.85 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 18.6 տոկոսով:

Քերոբյանը նաև նշեց. ՛՛Ներդրումները 2021 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32.4 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճելով 111.8 միլիարդ դրամով: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը ԵԱՏՄ երկրներից կազմել է 40.1 միլիարդ դրամ, ինչը 2020 թ. նկատմամբ աճել է 99.7 միլիարդ դրամով՛՛

Ներդրումները, նախարարի խոսքով, կատարվել են հիմնականում Ռուսաստանից 32.4 միլիարդ դրամ՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում, և Բելառուսից 6.9 միլիոն դրամ՝ մեծածախ առևտրի ոլորտում:

Քերոբյանն անդրադարձավ նաև սակագնային կարգավորման ոլորտին և ասաց, որ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից ընդունվել է սակագնային կարգավորման 18 որոշում:

ՀՀ առևտրաշրջանառությունը Իրանի հետ, ինչպես նշեց նախարարը, 2021 թվականին կազմել է 502.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով:

՛՛Իրականում առևտրաշրջանառության աճի տեմպը էապես ավելի բարձր էր: Այն զգալիորեն վնասվել է անցած տարվա աշնանը բեռնափոխադրումների առումով առաջացած խնդիրների պատճառով: Գորիս -Կապան ճանապարհի մի հատված մեր հսկողությունից դուրս մնաց, դրա պատճառով ապրանքաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան՛՛,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ այժմ տարբեր բանակցային փուլերում է գտնվում ԵԱՏՄ անդամ երկրների և Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների և Իրանի արդեն ոչ ժամանակավոր, այլ հիմնական ազատ առևտրի համաձայնագրի կնքումը:

  • Կիսվել: