չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այս փուլում ԿԲ-ի ակտիվ միջամտության անհրաժեշտություն չեմ տեսնում. Նահապետյան

Այս փուլում ԿԲ-ի ակտիվ միջամտության անհրաժեշտություն չեմ տեսնում. Նահապետյան

Աշխարհում ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացման միտումներն անդրադառնում են նաև Հայաստանի արժութային շուկայում։ Այս մասին այսօր խորհրդարանում ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու, ԿԲ գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Նահապետյանը։

Նա նշել է, որ, չնայած աշխարհում դոլարի փոխարժեքի ամրապնդման միտման առկայությանը, դրամի փոխարժեքի անկման հիմնական պատճառը Հայաստանում անորոշության բարձր մակարդակ ունենալն է:

՛՛Կենտրոնական բանկը հետևում է իրավիճակին, բայց դրամի փոխարժեքի վերահսկումը չի մտնում, ինչպես գիտեք, ԿԲ հիմնական գործառույթների մեջ։ Մեր առաջնահերթությունները ֆինանսական կայուն եւ գների կայունության ապահովումն են։ Այն դեպքերում, երբ փոխարժեքի տատանումները, մեր գնահատականներով, կարող են հանգեցնել գների անկայունության կամ ֆինանսական անկայունության, մենք կիրառում ենք մեր տրամադրության տակ եղած մեխանիզմների ողջ զինանոցը՛՛,-նշել է Նահապետյանը։

Նա ՛՛կառավարելի՛՛ է համարել դրամի փոխարժեքի ներկայիս իրավիճակը՝ ասելով. ՛՛Դրամի փոխարժեքի փոքր շեղում է նկատվում երկրում անորոշությունների առկայության պատճառով։ Հաջորդ երեքշաբթի տեղի կունենա ԿԲ խորհրդի հերթական նիստը, որտեղ կքննարկվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Մեր վերլուծական խումբն այժմ ակտիվորեն աշխատում է այդ հարցի շուրջ։

Կարծում եմ՝ մինչև երեքշաբթի ԿԲ-ի վերջնական վերլուծությունը կպատրաստվի։ Եթե պարզվի, որ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա, մենք կօգտագործենք մեր ամբողջ զինանոցը՛՛։

Նահապետյանը վստահություն է հայտնել, որ անորոշությունները վերացնելու դեպքում դրամի փոխարժեքն արագ կվերադառնա համարժեք շուկայական մակարդակին: Նա հավելել է. ՛՛Անձամբ ես այս փուլում կենտրոնական բանկի ակտիվ միջամտության անհրաժեշտություն չեմ տեսնում՛՛:

  • Կիսվել: