շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավելի քան 2500 փորձագետներ կմասնակցեն II Եվրասիական տնտեսական համաժողովի ծրագրին

Ավելի քան 2500 փորձագետներ կմասնակցեն II Եվրասիական տնտեսական համաժողովի ծրագրին

Իշխանությունների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ավելի քան 2500 ներկայացուցիչներ կմասնակցեն II Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրին, որը կանցկացվի մայիսի 24-25-ը Մոսկվայում։ Իրադարձության օպերատորն է «Ռոսկոնգրես» հիմնադրամը։ Այդ մասին  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Բացի եվրասիական հնգյակի` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնություն ներկայացուցիչներից, համաժողովի միջոցառումներին կմասնակցեն բանախոսներ Չինաստանից, Հարավային Աֆրիկայից, Ուզբեկստանից, Նիկարագուայի Հանրապետությունից, Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունից, Ինդոնեզիայի Հանրապետությունից, ինչպես նաև ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։

Ֆորումի ընթացքում տարբեր քննարկումներին կմասնակցեն նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արմեն Ներսիսյանը:

«Եվրասիական տնտեսական համաժողովը Մոսկվայում ԵԱՏՄ  2023 թվականի առանցքային իրադարձություններից առաջինն է մեր  Միությունում Ռուսաստանի նախագահության տարում: Վստահ եմ, որ այն լավ հարթակ կդառնա ԵԱՏՄ հիմնական խնդիրների համակողմանի քննարկման համար՝ մեր երկրների ապագա փոխգործակցության ռազմավարության մշակման, առևտրի զարգացման, միասնական շուկայի ձևավորման, թվայնացման և այլ միավորումների հետ համագործակցության համար», - հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Համաժողովի առանցքային քննարկումներից մեկը տեղի կունենա «ԵԱՏՄ 2030+ առաջնահերթությունները» ռազմավարական բլոկի նստաշրջանի շրջանակներում, որի հիմնական թեման երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթերի պատրաստումն է և մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական վեկտորների սահմանումը:

«ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում» թեմատիկ բլոկի նստաշրջաններին կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և BRICS-ի ինտեգրացիոն միավորումների ներկայացուցիչները։

 

Համաժողովի ընթացքում նախատեսվող ԵԱՏՄ Գլոբալ համալսարանական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև ԵԱՏՄ երկրների առաջատար բուհերի միջև եվրասիական ինտեգրման բնագավառում կոնսորցիումի մասին համաձայնագրի ստորագրում։

Երկրորդ Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվում է  2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում: Համաժողովի նպատակն է բարելավել կոոպերացիոն կապերի կատարելագործումը Եվրասիական տարածքում: Ֆորումի ծրագիրը ներառում է շուրջ 35 նիստ, որոնք բաժանվելու են յոթ թեմատիկ ուղղությունների:

Բացի դրանից, Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կամփոփվեն «Կանաչ Եվրասիա» կլիմայական նախագծերի առաջին մրցույթի արդյունքները, որի նպատակն է արդյունավետ գործելակերպերի որոնումը՝ կլիմայի փոփոխությանը հարմարվելու և ազդեցությունները մեղմելու համար:

  • Կիսվել: