շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնն առաջիկայում ամբողջությամբ կվերանորոգվի

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնն առաջիկայում ամբողջությամբ կվերանորոգվի

 Պետության պլաններում է առաջիկայում ամբողջությամբ վերանորոգել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, Նևրոզների կլինիկայի ծառայությունները կտեղափոխվեն հենց այդ կենտրոն: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝  ԱԺ արտահերթ նիստում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Նախարարը նախ նախագծի ընդունումը պայմանավորեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Հանրապետական անձավաբուժական կենտրոն և Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու և Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրից Նևրոզների կլինիկա ՓԲԸ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:

«Նևրոզների կլինիկայի գործունեությունն ընդհանուր առմամբ տեղափոխվելու է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Փորձելու ենք դրա շրջանակներում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում: Այդ նպատակի համար արդեն իսկ պետության կողմից հատկացվել են միջոցներ՝ վերանորոգման և վերազինման համար»,-ասաց Ավանեսյանը:

 

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց՝ եթե Նևրոզների կլինիկայի ծառայությունները տեղափոխվելու են Ավանի հոգեկան առողջության կենտրոն, ապա երկու կառույցների մեկտեղմամբ ծառայությունների հասանելիություն կլինի՞ արդյոք:

«Մենք այս պահին դեռ իրականացնում ենք  մեկ ամբողջական բաժանմունքի վերանորոգում: Այդ նոր վերանորոգված բաժանմունքում տեղակայվելու է Նևրոզների կլինիկան: Առաջիկայում պլանավորում ենք Ավանի հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերանորոգում»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց՝ պատկերացնում են, որ ստացիոնար բժշկական օգնությունը պետք է լինի կենտրոնացված, որպեսզի լինեն մասնագետներով հագեցած, համապարփակ և բավականին հոսք ունեցող բժշկական կենտրոններ, որոնք ապահովում են բժշկական օգնության որակը:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե արդյոք մասնավորեցման արդյունքում հնարավո՞ր է, որ գործազուրկների թիվն ավելանա:  Նախարարը պատասխանեց, որ առաջնային նպատակը քաղաքացիներին տրամադրվող բժշկական օգնության որակի բարձրացումն է: «Բայց միանշանակ բուժանձնակազմի զբաղվածությունը ևս մեր հոգածության ներքո է:  Եվ բոլոր աշխատողները, որոնք նոր այս կենտրոնում աշխատելու բավարար պայմաններին կհամապատասխանեն, կտեղափոխվեն նոր կենտրոն, որևէ խնդիր չի լինի: Ներկայումս մենք ունենք հակառակ խնդիրը՝ որակյալ բուժքույրերի, բժիշկների պակաս ունենք որոշ ԲԿ-ներում: Ես վստահ եմ, որ պատշաճ մասնագիտական որակներ ունեցող անձինք աշխատանքի տեղավորման հարց չեն ունենալու»,-ասաց Ավանեսյանը:

 

  • Կիսվել: