Կլինի և մի շաբաթ, երբ գուցե այդ լուրերը ճիշտ լինեն․ Ավանեսյանը՝ իր հրաժարականի մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանգիստ և հումորով է վերաբերվում իրեն պաշտոնից ազատելու մասին ասեկոսեներին։ Այդ մասին նա ասաց այսօր 2024թ․ աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Նախարարը հիշեցրեց՝ նման լուրեր արդեն մոտ 3-4 տարի է՝ շրջանառվում են։ Չի բացառում, որ մի օր էլ այդ զրույցները կարող են ճիշտ լինեն, և դա նորմալ է։
«Ամեն շաբաթ նման բան գրվում է։ Կլինի և այնպիսի շաբաթ, որ գուցե և այդ լուրը ճիշտ լինի, հանգիստ եմ վերաբերվում»,- ասաց Ավանեսյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ հենց ՔՊ-ի ներսում են նման նախաձեռնություններ լինում՝ Ավանեսյանը կրկին նորմալ անվանեց դա։ Ըստ նրա՝ կուսակցության ներսում աշխատում են ինքնաքննադատական, կառուցողական մեխանիզմներ, ու դա լավ է։
Ինչ վերաբերում է Ավանեսյանի ընտանիքի ու «Ուիգմոր քլինիքի» մասին կապին՝ նախարարն ասաց՝ հոգնել է ամեն օր հերքել այդ լուրերը, ժխտել մի բան, որ չկա․ հավելեց՝ այսուհետև իրեն նման հարց ուղղեն միայն դեպքում, երբ նման առնչության մասին ապացույց կունենան։