Թող այդպես հարցականների մեջ մնան․ Ավանեսյանը՝ իր հրաժարականի վերաբերյալ տարածվող լուրերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բամբասանք է անվանում իրեն պաշտոնանկ անելու մասին լուրերը։ Այդ մասին նախարարն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես բամբասանքների և դեղին մամուլի ամենշաբաթյա հիմարություններին չեմ պատասխանում: Հոգնել եմ բամբասանքի ամենշաբաթյա տիրաժավորումից, որը կարծես թե 2021 թվականից չի դադարում»,- ասաց նախարարը։
Թե ովքեր են լուրեր տարածողներն ու ինչու են դա անում, նախարարը չգիտի, բայց երևույթը զավեշտալի է համարում։
Նույն կերպ նա «բամբասանք» որակեց լուրը, թե անգամ իրեն փոխարինողի անունն է որոշվել՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյան։
Հարցին՝ արդյոք տարածվող լուրերը կապ ունե՞ն այն հանգամանքի հետ, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ արդեն տևական ժամանակ է՝ քննադատում են իրեն և արդյոք նկատու՞մ է, որ իր դեմ արշավ է սկսվել, Ավանեսյանը նշեց՝ նման նկատառում չունի։
Հարցին, թե նախարարի հրաժարականի մասին լուրերը շատերին է հետաքրքրում, ի վերջո նա հրաժարական կտա՞, թե՞ ոչ, Ավանեսյանը եզրափակել է. «Թող այդպես հարցականների մեջ մնան»։