ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի հյուծումը կբերի համընդհանուր բնապահպանական աղետի

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի հյուծումը կբերի համընդհանուր բնապահպանական աղետի

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում՝ ձկնաբուծական տնտեսութուններ այց կատարելու և տեղում գործընթացին ծանոթանալու նպատակով։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 30-ին նախարարն հանդիպել էր շուրջ ինը տասնյակ ձկնաբույծների հետ՝ քննարկելու փակ շրջանառու համակարգով իրականացնելու, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության երկարաձգման ժամանակ օրենքով նախատեսված լինելու դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ընթացքում որոշում էր կայացվել Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներից և ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծել։

Այցը աշխատանքային խմբի գործունեության շրջանակում էր։

Նախարարն այցելել է «Մաքս ֆիշ», «Ինտեր Ակվա» և «Սագատի ֆիշ» ՍՊԸ-ներ, տեղում ծանոթացել փակ շրջանառու համակարգի ներդրման ու ջրախնայող գործունեության խթանման հնարավորություններին, ձկնատեսակներին, դրանց քանակներին, վիճակին և պահման պայմաններին։

Այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունում ընթացքի մեջ են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն ու միջոցառումները։ Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի։

Տնտեսվարողները սթափ են գնահատում ջրի` որպես կարևորագույն ռեսուրսի խնայողության անհրաժեշտությունը:

Աշխատանքային խմբի գործունեության շրջանակում այցերը և հանդիպումները կլինեն շարունակական։

  • Կիսվել: