շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանրապետությունում այս տարի կընդլայնվեն անտառպատման մասշտաբները

Հանրապետությունում այս տարի կընդլայնվեն անտառպատման մասշտաբները

Անցած տարի հանրապետությունում շուրջ 314 հեկտար անտառպատման աշխատանքներ են իրականացվել։

Այս մասին այսօր ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն՝ անդրադառնալով 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանն ու ոլորտի բարեփոխումներին։

«Դրանից 130 հեկտարն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով, իսկ մնացածը՝ վնասի փոխհատուցման գումարներով։ Իհարկե, 2024 թվականից անտառպատման, անտառների ստեղծման աշխատանքները շատ մեծ թափով առաջ կգնան։Մենք նպատակադրված են 1000 հեկտար անտառ հիմնել»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ անցած տարի անտառներում վնասատուների դեմ առաջին անգամ կենսաբանական պայքարի միջոցներ են կիրառվել։

Սիմիդյանի գնահատմամբ՝ մինչև 2022-ը վնասատուների դեմ պայքարի քիմիական միջոցների  արդյունավետությունը շատ ցածր է եղել։ Բացի այդ, ինչպես մասնագետներն են նշել այդ միջոցները նաև իրենց վնասակարության աստիճանն ունեն։

«Առաջին անգամ 4100 հեկտար տարածքներում իրականացրել ենք կենսաբանական պայքար և հիմա նաև գնահատում ենք դրա արդյունքները։ Մեր համոզմամբ՝ արդեն որոշակի վերլուծություններով տեսնում ենք, որ որոշ տեղերում վնասատուներն ընդհանրապես վերանում են»,-մանրամասնեց նախարարը։

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ 2023 թվականին հաստատվել են 7 անտառտնտեսությունների կառավարման պլանները, իսկ այս տարի կհաստատվի ևս 4-ը, որից հետո կառավարման պլաններ կունենան բոլոր 17 անտառտնտեսությունները։

  • Կիսվել: