ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապահովագրական համակարգին անցումը մարդկային կապիտալի մեջ ներդրում անելու կարևորագույն բարեփոխումներից է լինելու. Ավանեսյան

Ապահովագրական համակարգին անցումը մարդկային կապիտալի մեջ ներդրում անելու կարևորագույն բարեփոխումներից է լինելու. Ավանեսյան

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց առողջության ապահովագրության կարևորությունը:

«Ապահովագրական համակարգի անցումը մեր երկրի համար որպես մարդկային կապիտալի մեջ ներդրում անելու կարևորագույն բարեփոխումներից է լինելու: Դա շատ կարևոր է ոչ միայն հանրային առողջապահության, այլև տնտեսական ակտիվության, ֆինանսական պաշտպանվածության, աղքատության կրճատման տեսանկյունից: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում աղքատացման հիմնական պատճառներից մեկը առողջական կարիքի պատճառով չնախատեսված ֆինանսական մեծ ծախսերն են:

Հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող տարեկան առողջության վրա ծախսի գումարով շատ ավելի բարձր տեղերում է գտնվում, քան, օրինակ՝ մեր հարևան երկրները: Բայց մենք ծախսում ենք գումարը ոչ ճիշտ ժամանակ և տարերայնորեն»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ մշակվում է ապահովագրական համակարգի վերաբերյալ հայեցակարգը, որը գտնվում է Կառավարության քննարկման տիրույթում:

«Հայեցակարգն ընդունելը պատկերացնում ենք մինչև 2023 թվականը: Հայեցակարգի մեջ ներառված է, որ համակարգն աստիճանաբար է ներդրվելու և ունենալու է փուլեր»,- նշեց Ավանեսյանը:

  • Կիսվել: