շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալմաթիից առաջին ուղիղ չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանեց Երևան

Ալմաթիից առաջին ուղիղ չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանեց Երևան

Ղազախական «FlyArystan» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռներն այսուհետ շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի,  ուղիղ չվերթներ կիրականացնեն Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ: Ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Երևան տեղի ունեցավ հունիսի 2-ին: Առաջին չվերթով Հայաստան են ժամանել լրագրողներ, բլոգերներ, ովքեր 4-օրյա տուր կանցկացնեն Հայաստանի տեսարժան վայրերով:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը 

լրագրողների հետ ճեպազրույցում հատկանշական համարեց ուղիղ չվերթի բացումը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրերին:

«Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում նոր ուղղության բացման հետ կապված՝ ենթադրվում է, որ դա կլինի Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ հայ-ղազախական հարաբերությունները բավական ակտիվ զարգանում են, և ուղիղ չվերթն էլ ավելի կնպաստի հարաբերությունների զարգացմանը:

 

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը հավելեց, որ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով կանոնավոր թռիչները մեծ նշանակություն ունեն: «Հայաստանն ու Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, բայց մենք ամբողջապես չենք օգտագործում մեր պոտենցիալը: Ակնկալում ենք գործարարների այցեր Հայաստան և բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացում, քանի որ  զարգացման միտումներ կան»,- ասաց Արզումանյանը:

Ալմաթի-Երևան նոր ուղղության մեկ կողմի տոմսի արժեքը սկսում է 46 հազար դրամից:

  • Կիսվել: