շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աբովյան պուրակի բարեկարգումը շուտով կավարտվի

Աբովյան պուրակի բարեկարգումը շուտով կավարտվի

Գործակարգավարական խորհրդակցության արդյունքներով՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավարտական փուլում է Աբովյան պուրակի բարեկարգումը:
 
Ամփոփվել են Երևանի բուսաբանական այգում նախատեսվող հուշապուրակի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները:
 
Մարտ-ապրիլ ամիսներին Հրազդանի կիրճում, նաև Երևանյան լճի ափամերձ հատվածներում իրականացվել է ճահճային բուսականության և եղեգների համատարած ցողում:
 
Շուտով Կառավարության աջակցությամբ Մուշական թաղամասում կմեկնարկի կոյուղագծի կառուցման ծրագիրը:
 
Ամիրյան փողոցի բոլոր մալուխները կանցկացվեն հողի տակ: Ծրագրի շրջանակում տեղադրվել են նոր հենասյուներ, անցկացվել խողովակներ, հերթը կապի օպերատորներինն է, որոնք պետք է մալուխներն անցկացնեն գետնի տակ: Հանձնարարվել է մեկ անգամ ևս տեղում ստուգել աշխատանքների որակը:
 
Առևտրային բանկերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ առցանց հավելվածներում գույքահարկի և աղբահանության վճարի համար առանձին հնարավորություն ստեղծելու նպատակով: Նշենք, որ 2022 թ. հուլիսի 1-ից համայնքն իր ծառայությունների համար բոլոր վճարումներն ընդունում է անկանխիկ եղանակով: Քաղաքացիների համար վճարումներն առավել հարմարավետ դարձնելու նպատակով քաղաքապետարանը դիմել է բանկերին՝ լրացուցիչ գործիքակազմի համար:
 
Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի վերաբերյալ նշվել է, որ քաղաքացիների հետ կազմակերպվել են հանդիպումներ, ոմանց հետ արդեն իսկ կնքվել են պայմանագրեր:
 
Ամփոփելով շաբաթօրյակի արդյունքերը՝ զեկուցվել է, որ մաքրման աշխատանքներ են իրականացվել բոլոր վարչական շրջանների՝ նախապես որոշված հասցեներում: Կուտակված ամբողջ աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Տեխնիկայի միջոցով մաքրվել են նաև շինաղբի կուտակման քրոնիկ հասցեները:

  • Կիսվել: