ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թող քննություն իրականացնեն, հասկանան՝ ո՛վ հանձնեց Շուշին, ինչու՛ հանձնեց. Վանեցյան

Թող քննություն իրականացնեն, հասկանան՝ ո՛վ հանձնեց Շուշին, ինչու՛ հանձնեց. Վանեցյան

Արցախն այլևս փրկվելու է Երևանի կենտրոնում, Արցախի պաշտպանությունն իրականացվելու է Երևանի կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա հավելեց. ՛՛Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը, որևէ քայլ չեն իրականացնում Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար։ Այստեղ՝ Երևանում, Հայաստանում, պետք է պայքարենք ու պաշտպանենք Արցախի շահերը, իսկ մնացած ամեն ինչ կեղծ է՛՛։

Վանեցյանը նշեց, որ ինքն Արցախում եղել է սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը։

՛՛Նոյեմբերի 8-ին պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ասվել է, որ ռազմական գործողություններն ավարտվել են, դուք այլևս բան չունեք անելու, գնացեք Երևան։

Ասում են՝ Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հանձնել են Շուշին։ Հասկանում եք՝ ինչի մասին են խոսում։ Սեյրան Օհանյանը իմ աչքի դեմն է եղել քանի օր Շուշիում։ Սեյրան Օհանյանի ընկերը հրազենային վիրավորումից է զոհվել, մեր Էդգար Ավանեսովը։ Հրազենային, այսինքն՝ թուրքն ավտոմատով կրակել է։ Հասկանում եք, այդ պատերազմի ժամանակ չի եղել իրավիճակ, որ թուրքն ու հայը դեմ առ դեմ մարտի բռնվեն։ Մենք եղել ենք այդ իրավիճակում։ Հետո եղել է Շուշիից իջնելու հրաման։ Թող քննություն իրականացնեն, հասկանան՝ ինչու եղավ այդ հրամանը, ով հանձնեց Շուշին, ինչու հանձնեց։

Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է՝ առանց Շուշին հանձնելու պատերազմը հնարավոր չէր կանգնեցնել։

Հիմա հարց է առաջնում՝ ինքը ամեն ինչ արեց, վերջում էլ հրամանը տվեցին Շուշիից դուրս գալու, որ պատերազմը կանգնեցնե՞ն, թե՞ իր ու Ալիևի պայմանավորվածությունները վերջնական կյանքի կոչվեն՛՛,-ասաց Վանեցյանը:

  • Կիսվել: