ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Որտեղ են տանում սերբական զենքի հայաստանյան հետքերը. մանրամասներ գործարքից

Որտեղ են տանում սերբական զենքի հայաստանյան հետքերը. մանրամասներ գործարքից

Հայկական Զու-երին զենքի մատակարարման թեմաները շարունակում են մնալ ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտերի ժամանակ սերբական «Нидельне информативне новине» պարբերականը հանդես եկավ հետաքրքիր հետաքննությամբ` հայտնելով, որ Սերբիան զենքի խոշոր չափաքանակ է մատակարարել Հայաստանին, որը ՀՀ է հասցվել Վրաստանի տարածքով: Լուրը լայն արձագանք ստացավ ադրբեջանական ԶԼՄ-երում, Սերբիայի դիվանագիտական ներկայացուցիչը այս հարցով կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ:

Եվ հատկանշականը ինչն էր` եթե Վրաստանը միանգամից հերքեց իր տարածքով Սերբիայից Հայաստան զենքի տրանսֆերի մասին լուրը, ապա Սերբիան ոչ միայն չհերքեց, այլև նախագահի մակարդակով հաստատեց մամուլում տեղ գտած այդ արտահոսքը:

Եվ ահա սերբական կողմի հետ զենքի այս գործարքի մասին InfoPort.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Նախ զենքի նշված խմբաքանակը իրականում Հայաստան չի տեղափոխվել Վրաստանի տարածքով, այլ օդային ճանապարհով: Այս նպատակով 2019 թվականին Սերբիայից Հայաստան է իրականացվել 16 ավիաչվերթ ՝ համապատասխան բեռով։ Վերջին չվերթը իրականացվել է այս տարի հուլիսի 14-ին եւ 15-ին։ Ինչպես գործակալությանը հայտնեցին ռազմական շրջանակների իր աղբյուրները, զենքի մատակարարման այս գործարքի հետևում ևս կանգնած է մամուլից հայ հանրությանը արդեն հայտնի դարձած գործարար Դավիթ Գալստյանը, ով հանդիսանում է Հայաստանում զենք արտադրող «Նեյտրոն» ԳԱՄ-ի սեփականատերը:

Սերբական կողմի հետ զենքի մատակարարման և ներմուծման գործարքը կնքվել և իրականացվել է հենց Գալստյանի կողմից: Այդ գործարքի շրջանակներում, ըստ աղբյուրի, Հայաստան է բերվել 120 մմ տրամաչափի 100 ականանետ, տարբեր տրամաչափի 142 000 ականանետային արկ և 20 մմ տրամաչափի m55a4 զենիթային կայանքների 3 միավոր:

Նշենք, որ Գալստյանի կողմից հիմնադրված «Նեյտրոն» ԳԱՄ-ը Հայաստանում արտադրում է ռուսական «Կալաշնիկով» ավտոմատներ, մոտ ապագայում ձեռնարկությունը պատրաստվում է արտադրել նաև փամփուշտներ և ջերմատեսիլ սարքեր:

Ինչպես ավելի վաղ գրել էր InfoPort.am-ը Գալստյանը նաև իրականացրել է Հորդանանից Հայաստանին ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ համալիրների մատակարարման գործարքը: 2018 թվականին գործարքի շրջանակներում Հորդանանից Հայաստան բերվեցին 30 OSA-AKM ՀՕՊ համակարգեր, որոնք վերջին սրացումների ժամանակ խոցեցին մի քանի ադրբեջանական ԱԹՍ-ներ: Այդ ԱԹՍ-ներից մեկի` Hermes 900-ի արժեքը գերազանցում է OSA-AKM-ների ողջ գործարքի գինը:

  • Կիսվել: