ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը,Դավիթ Գալստյանը, Ավետիք Մուրադյանը և Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված. Պաշտպան

Դավիթ Տոնոյանը,Դավիթ Գալստյանը, Ավետիք Մուրադյանը և Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված. Պաշտպան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող Արտյոմ Համբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի, այս մասին հայտնում է  փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակվում էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի և մյուսների խափանման միջոցի մասին որոշումը։

Հիշեցնենք՝ պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստինե Պողոսյանը և Վիլեն Գաբրիելյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։

Կալանավորված նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների համար էլ միջնորդել են պաշտպանները՝ առաջարկելով կիրառել այլ խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։

Հիշեցնենք՝  նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է  իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարում են այն շինծու քրեական գործ։

  • Կիսվել: