Ոչ ոք չի ուզում, որ անձին բանակ զորակոչելուց հետո խնդիրներ առաջանան. Ավանեսյանը՝ հիվանդ տղաներին զորակոչելու մասին
Իհարկե, զորակոչման գործընթացը ՊՆ-ի վերահսկողության տակ է, բայց մենք որպես առողջական հատվածի պատասխանատու շատ սերտ համագործակցում ենք և ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու և դրա շրջանակներում առաջացած հարցերին անդրադառնալու առումով, այլ նաև հստակեցնելու մեր իրավական կարգավորումները, կառավարության որոշումների անընդհատ վերանայումը, որը բերում է հիվանդությունների սահմանման, ախտորոշման և նաև տարբեր սահմանափակումով ծառայության հնարավորությունների առումով։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ միայն այս տարվա ձմեռային զորակոչի ժամանակ իրավապաշտպան ՀԿ-ներն ավելի քան երեք տասնյակ բողոք են ստացել առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են բանակ:
«Տեսեք, շատ կարևոր է անդրադառնալ նրան, որ մարդը ունի առողջական խնդիր և մարդը ունի այնպիսի ախտորոշում, որը ընկնում է տվյալ հոդվածի տակ և նրա վերաբերյալ պետք է կայացվի տարեկետման կամ ազատման որոշում։ Բժշկական հանձնաժողովները, հենվելով թե անձի կողմից իր միջոցներով իրականացված հետազոտությունների, և նաև պետության պատվերով իրականացված փորձաքննությունների հիման վրա կայացնում է որոշում, որ տվյալ ախտորոշումը արդյո՞ք համապատասխանում է սահմանափակման հոդվածին, թե ոչ։
Այստեղ մենք նաև աշխատում ենք իրավապաշտպան կազմակերպությունների հետ, ես վերջերս էլ եմ հանդիպում ունեցել, և բոլոր բողոքների հետ պետք է առանձին դեպքերով հասկանալ, արդյո՞ք կա խնդիր և որտեղ է խնդիրը: Բայց ընդհանուր առմամբ այստեղ ես կարող եմ ասել, որ մեր բժշկական հանձնաժողովներն էլ շատ մանրակրկիտ փորձաքննություններ են իրականացնում, որպեսզի վստահ լինեն, որ անձը ճիշտ է փորձաքննվել և արդյունքում ոչ մեկը չի ուզում, որ հետո խնդիրներ առաջանան, երբ մարդը արդեն զորակոչվում է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կոնկրետ խնդրով իրենք պատրաստ ենք նայելու, հասկանալու՝ կա՞ բացթողում կամ որևէ սխալ փորձաքննություն, թե ոչ:
Ավանեսյանի խոսքով, ՊՆ-ում եւ առողջապահության նախարարություններում իրականացվող թվայնացումը այս ամբողջ պրոցեսները դարձնում են շատ ավելի թափանցիկ, վերահսկելի և իրենք նաև փաստաթղթերի, հետազոտությունների արխիվացման և դրանց գնահատման ավելի օբյեկտիվ չափորոշիչների են գնում. «Այստեղ շատ-շատ կարևոր է, որ այս աշխատանքների արդյունքում մենք ավելի վստահելի արդյունք ենք գրանցելու փորձաքննության մասով»,-ասաց նա: