հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մայոր Գ. Գեւորգյանի պաշտպանը մանրամասներ ներկայացրեց քրգործից

Մայոր Գ. Գեւորգյանի պաշտպանը մանրամասներ ներկայացրեց քրգործից

2020-ի հոկտեմբերի 11-ին Գեւորգ Գեւորգյանին եւ մյուսներին տեղակայել էին Վարանդայի շրջանի Ֆիզուլիի հատվածի Ջուվարլու կոչվող տեղամասում. Նրանց տվել են հրամաններ հրետանային կրակով թշնամական դիրքերի խոցելու: Ուղղությունը եղել է Հադրութը:  Մեղադրանքը Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մաս, այսինքն իշխանության ներկայացուցչի կողմից այլոց շարքում նաեւ անգործություն, որն առաջացրել էր ծանր հետեւանք:

44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ զորամասերից մեկի հրետանային դիվիզոնի շտաբի պետ Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել հարուցված քրեական գործից: Նրա խոսքով, Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է անգործության մեջ, որի հետեւանքով, ըստ մեղադրանքի, ունեցել ենք 7 զոհ եւ 14 անհետ կորած:

Գեւորգ Գեւորգյանը 36 էջանոց մանրամասն ցուցմունք է տվել, որտեղ նկարագրել է ամբողջ եղելությունը: Եղելությունը հետեւյալն է. իրենց տեղափոխել են Ֆիզուլիի հատվածի տվյալ տեղամաս եւ տվել են նշանակետեր, որտեղ նրանք D 27 հրանոթով խոցում էին: Գեւորգն ասում է, որ հասկացել է, որ խոցելի հնարավորությունը 4200 մետր է, իսկ D 27 հրանոթը խոցում է մոտ 17,3 կմ: Գեւորգը հարց է բարձրացրել, թե ինչու է այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղակայված է 4 կմ հեռավորության վրա, եւ թշնամու հետեւակը կարող է հասնել եւ շրջափակման մեջ առնել: Նա այդ մասին տեղեկացրել է վերադասին, կարճ ժամանակ անց իրենց տեղափոխել են Հադրութի Ջրաշխարհ կոչվող տեղամաս, որն արդեն 8 կմ հեռավորության վրա էր:

Երբ նշված տեղը տեղափոխելու մասով զեկուցում են ՊԲ հրետանու պետ Բաղդասարյանին, նա, ըստ քրգործի նյութերի, բարկացած ասել է՝ ձեզ ո՞վ է թույլ տվել գալ էս տեղամաս, նորից հետ վերադարձեք նույն տեղամաս:

Գեւորգյանը զանգել է կնոջն ասել է, որ նենց տեղ ենք գնում, որ շատ հավանական է իմ հետ չգալը»,-ասաց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ մարտական առաջադրանքը կատարելու պահին ստացել են հրաման՝ անցնել շրջանաձեւ պաշտպանության, իսկ հրետանավորի համար դա ամենավերջին ստադիան է. «Այսինքն քեզ այնքան են թողել մի տեղում առանց հետախուզության, առանց տվյալ հաղորդելու, որ թշնամին մտել է քո մեջ եւ քո նորմալ զինատեսակը պետք է թողնես եւ ավտոմատով անցնես շրջանաձեւ պաշտպանության: Երբ պատրաստվում են շրջանաձեւ պաշտպանության, դիվիզիոնի հրամանատարից ստանում են երկրորդ հրամանը՝ թողնել, չկրակել, մերոնք են: Նրանք նորից վերադառնում են հին վիճակին, նշանակետ են ստանում եւ սկսում են խոցել: Չորրորդ հրամանը տանում են՝ նահանջ: Քանի որ հրետանին բերած տեղավորած էր, մեքենաները պետք է վերադառնային  որոշակի հեռավորության վրա գտնվող թաքստոցներ: 10-15 րոպե ինտերվալով նահանջ հրամանը պետք է կատարվեր:

Բայց լինում է հաջորդ հրամանը՝ թողնել ու նորից նշանակետ են տալիս: Հետո լինում է դիվիզիոնի հրամանատարի հրամանը՝ ով ոնց կարա, թող հելնի էդտեղից: Դա գոյություն չունեցող հրաման է, դա ավելի շուտ կոչ էր փրկվելու:

Զորամասի հրետանու պետն ասում է՝ Գեւորգ, քշի առաջ, որ հտեւից մեքենաները կարողանան գալ: Հետեւից եկող մեքենաների մեջ լինում է մեկ «Ուրալ», հացի ավտոն, բուժօգնության ավտոն: Ասել է, որ կարճ տեղանք անցնելուց հետո կանգնում եմ ու հասկանում, որ երկու «Ուրալ» չկա: Զորքին իջեցնում ենք ապահով տեղ, սպայական կազմով նորցի հետ ենք գնում: Սպայական կազմի հետ է լինում նաեւ Արարատ Մելքումյանը, որն Արցախում այսօր բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում: Ռացիայով կապի են դուրս գալիս մնացած տղերքի հետ, հայտնում են տեղը: Արարատ Մելքումյանը որոշում է, որ պետք է ոտքով գնան: Արդեն մութ է լինում: Արարատ Մելքումյանն ասել է՝ էսպես շատ ուշ կհասնենք, հետո էնտեղ շատվոր են թշնամիները, մեր էնտեղ հասնելը էս կազմով անտրամաբանական է:

Մեղադրանքում ասում են՝ երբ դու ժողովրդին հավաքեցիր ու դուրս եկար, մարտկոցները մնաց, առաջին մարտկոցը 7 զոհ է տվել, 14 անձանցից տեղեկություն չկա: Ասում են՝ եթե մնայիր ու կատարեիր քո պարտականությունները, դա չէր լինի: Ասում եմ՝ ո՞րն է իր պարտականությունները, որ պետք է կատարեր ֆորս մաժորային իրավիճակում, երբ կոնկրետ հրաման չի ստացել»,-ասաց Գոռ Գեւորգյանը:

  • Կիսվել: