երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայկական բանակի կորուստները վերջին 12 տարիներին

Հայկական բանակի կորուստները վերջին 12 տարիներին

Հայկական բանակում շարունակում է բարձր մնալ զինծառայողների մահացության դեպքերի քանակը։ Ամեն տարի արձանագրվում է միջինում 45 մահվան դեպք, որոնց թվում՝ սպանություններ, ինքնասպանություններ, ավտովթարներ, հիվանդության հետևանքով մահվան դեպքեր և այլն։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 31-ը, արձանագրվել է 20 զինծառայողի մահվան դեպք։ Այս մասին գրում է Fip․am-ը։  

«Փաստերի ստուգման հարթակը» համեմատել է 2010-ից մինչ օրս արձանագրված դեպքերը՝ հասկանալու՝ արդյո՞ք տարիների ընթացքում մահվան դեպքերի քանակը նվազել է, թե՞ ոչ։ 

Հոդվածում ներառված չեն 2016-ի Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմների ընթացքում՝ հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքերը։ Նշենք նաև, որ դատախազությունը տարանջատում է ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված մահվան դեպքերը․ եթե զինծառայողի մահը գրանցվել է զորամասից դուրս, ապա այն համարվում է ծառայության հետ չկապված դեպք: Հոդվածում դիտարկված են միայն ծառայության հետ կապված մահվան դեպքերը։

2010-ից մինչև 2021-ը արձանագրված բոլոր մահվան դեպքերը՝ ներառյալ ինքնասպանությունները, սպանությունները, դժբախտ պատահարները և այլն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավար Էդգար Խաչատրյանը, սակայն, FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ դատախազության այս տարանջատման հետ։ Խաչատրյանի խոսքով՝ իրականում պարզ չէ՝ զորամասից դուրս գրանցված դեպքերը որքանով են կապված քաղաքացու ծառայության հետ։

«Օրինակ՝ զորամասից դուրս ինքնասպանություն է տեղի ունեցել, դժվար է չափել` ինքնասպանությունը ծառայության հետ կապ ունեցե՞լ է, թե՞ ոչ, ինչ-որ բան դրդե՞լ է զինվորին արձակուրդի ժամանակ ինքնասպանություն գործել։ Կամ հիվանդության պատճառով արձակուրդի ժամանակ մահացել է՝ ծառայության հետ կապվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասում է ՀԿ-ի ղեկավարը։ 

Դատախազության տրամադրած տվյալների համաձայն՝ Ապրիլյան պատերազմին նախորդող տարիներին՝ 2014 և 2015 թվականին, բավական բարձր է եղել հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքերի քանակը։ 2014-ին գրանցվել է հակառակորդի կողմից կատարված 26, 2015-ին՝ 38 սպանության դեպք, մինչդեռ 44-օրյա պատերազմին նախորդող տարում՝ 2019-ին, գրանցվել է հակառակորդի կողմից 4 սպանության դեպք։

Հոգեբանական աջակցության պակասը՝ ինքնասպանությունների պատճա՞ռ

Ապրիլյան և 44-օրյա պատերազմների տարիներին գրանցվել են նաև մեծ թվով ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքեր։ 2016-ին և 2020-ին գրանցվել է, համապատասխանաբար, 14 և 13 դեպք։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավար Էդգար Խաչատրյանը կարծում է, որ ինքնասպանությունների բարձր թվի պատճառն այն է, որ պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներին պատշաճ հոգեբանական աջակցություն չի ցուցաբերվել։

«Պետությունը, եթե զորակոչում է քաղաքացուն և դա պարտադիր գործընթաց է, պետք է պարտավորություն ունենա քաղաքացու առողջության, կյանքի համար պատասխանատվությունն իր վրա վերցնելու»,- ասում է Էդգար Խաչատրյանը։

FIP.am-ը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե զինվորներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։ Ի պատասխան, ՊՆ-ից տեղեկացնում են, որ ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմական շրջանում Զինված ուժերի բարոյահոգեբանական վարչության հետ համագործակցության շրջանակներում հոգեբանական աջակցման և վերականգնողական աշխատանքներում ներգրավվել են բուհերի, քաղաքացիական բուժհաստատությունների, հոգեբանական օգնության կենտրոնների և հասարակական կազմակերպությունների շուրջ 150 կամավոր հոգեբան մասնագետներ։ 

Բացի այդ, կառավարության՝ 2021-ի փետրվարի 4-ի որոշմամբ հաստատվել է 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը։ Մրցույթով ընտրված՝ հոգեբանական աջակցության «Կոնսորցիում» ընկերությունը ԱԻՆ համակարգմամբ հոգեբանական աջակցություն է տրամադրել մարտական գործողություններին մասնակցած և նրանց հետ առնչություն ունեցող անձանց։

ՊՆ-ից հայտնել են նաև, որ փետրվարի 2-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ է գտնվում գերությունից վերադարձած մեկ զինծառայող։

Այլ դեպքեր

Ինչ վերաբերում է հիվանդության հետևանքով մահվան դեպքերին, ապա դիտարկված ժամանակահատվածում ամենաբարձր թիվը գրանցվել է 2010-ին (9 դեպք)։ 2016-ին և 2020-ին գրանցվել է հիվանդության հետևանքով մահվան 5-ական դեպք։

Դիտարկվող ժամանակահատվածում չի եղել տարի, որ բանակում սպանության, ավտովթարի, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահվան դեպքեր չգրանցվեն։

Ամենամեծ թվով դեպքերը նշված են նարնջագույն, աղբյուրը՝ Գլխավոր դատախազություն

  • Կիսվել: