հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտերն Ավետարանոցում․ բանակի բացակայությունն ու գյուղի անկումը

Մարտերն Ավետարանոցում․ բանակի բացակայությունն ու գյուղի անկումը

Հոկտեմբերի առաջին շաբաթվանից հետո՝ երբ Հադրութն ընկավ, ադրբեջանական ուժերը խորացրին ճեղքումը։ Երկու շաբաթում նրանք հասան Արցախի Ասկերանի շրջանի Մոշխմհատ, Մադաթաշեն, Ակնաղբյուր գյուղերի հարակից տարածքներ։

«Հետքը» ներկայացնում է Ավետարանոց գյուղին հարող տարածքներում տեղի ունեցած մարտական գործողությունները, դրանց մասնակցած հայկական խմբերին և գյուղի անկման պատմությունը։ Գյուղացիների ջոկատի վերաբերյալ տեղեկությունները տրամադրել է Ավետարանոցի նախկին գյուղապետ Սևակ Բաղդասարյանը, «Շահեն Մեղրյան» ջոկատինը՝ Ռոլանդ Այդինյանը, անօդաչու սարքով նկարահանման դրվագը՝ Սերգեյ Խաչատրյանը։ 

2020-ի հոկտեմբերի 10-ին Ավետարանոցի, Ակնաղբյուրի և այդ ձորակի մյուս գյուղերի տղամարդկանցից աշխարհազոր ձևավորվեց։ Ասկերանի վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը Ավետարանոցի ձորակի (Ավետարանոց, Սղնախ, Մադաթաշեն, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մոշխմհատ) գյուղերի գյուղապետերին հայտնում է, որ պետք է աշխարհազորի գումարտակ ստեղծել։ Հրամանատար է նշանակվում ակնաղբյուրցի Վրեժ Բաղդասարյանը։

Մոտ 80 հոգանոց խումբը բաղկացած էր զինվորական ծառայության ոչ ենթակա գյուղացիներից, նրանց շարքում կային նաեւ տարեց տղամարդիկ: Մյուս գյուղացիները՝ որպես պահեստազոր՝ ՄՈԲ, բանակի կազմում էին և գտնվում էին Ասկերան-Մարտակերտ հատվածում: Հադրութի գրավումից հետո Ավետարանոցում հավանական էին համարում հակառակորդի առաջխաղացումը դեպի իրենց և հարակից գյուղեր։ Ավետարանոցից դեպի Քիրս սարն ընկած հատվածում գյուղացիները 5 դիրք են դնում։ 

Հոկտեմբերի 17-ին, գնահատելով ռազմաճակատում տիրող իրավիճակը եւ հաշվի առնելով Հադրութի անկման փաստը, որոշվում է Քիրս-Ավետարանոց հատվածի դիրքերի աշխարհազորային անձնակազմին տեղափոխել Մարտակերտ-Ասկերան հատված, իսկ այնտեղ գտնվող պահեստազորայինների մեկ գումարտակ՝ տեղափոխել Հադրութի շրջան։ Թե կոնկրետ ով է նման որոշում կայացրել, Ավետարանոցի նախկին գյուղապետ Սևակ Բաղդասարյանը դժվարանում է ասել, միայն նշում է, որ որոշման մասին իրեն գյուղում տեղեկացրել է Ասկերանի վարչակազմի այդ ժամանակվա ղեկավար Սասուն Բարսեղյանը։

«Էդտեղ չասեմ՝ ինչ ա լինում, այսինքն՝ շատ դժբախտ դեպք ա լինում։ Էդ գումարտակը (Հադրութ տեղափոխվող) գրեթե ամբողջությամբ ոչնչացնում են «Թութակներ» կոչվող տեղամաս հասնելուց»,- նշում է Ավետարանոցի նախկին գյուղապետ Սևակ Բաղդասարյանը։ Պահեստազորայինների խոցված ավտոշարասյան 2-րդ մեքենայում գտնվող Ավետարանոցի գյուղացիները չեն տուժել, քանի որ մեքենան որոշակի հեռավորությամբ կտրվել էր շարասյունից։ Այդ գումարտակում 6 հոգի է եղել Ավետարանոցից։

Զուգահեռաբար, հոկտեմբերի 18-ին Մարտակերտի շրջանում՝ «Եղնիկներում», ակտիվ գործողությունների մեջ էին Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները՝ Ռոլանդ Այդինյանի հրամանատարությամբ։ Ծրագրված էր հակագրոհով վերցնել թշնամու վերահսկողության տակ անցած Արեգասարի բարձունքը։ 1 օրով Երևան եկած Ռոլանդ Այդինյանը Արցախ վերադառնալիս զանգ է ստացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից։ Նա տեղեկացրել է, որ իրավիճակը լուրջ է, հառակորդը ճեղքում է իրականացրել Հադրութից, խորացել են։ Հանձնարարել է 40 հոգանոց խմբով պատրաստվել, նմանատիպ ջոկատ մեկ այլ ուղղությամբ պետք է պատրաստեր Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի հրամանատար Ալեքսեյ Բալայանը։

Որոշվում է, որ Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները պետք է դիվերսիոն գործողություններ իրականացնեն Հին Թաղեր բնակավայրի հատվածում (այս գյուղը մինչև 2020 թ. դեկտեմբերը եղել է հայկական ուժերի վերահսկողության տակ), որի հարևանությամբ հակառակորդը շտաբ էր տեղակայել։

Հոկտեմբերի 21-ին Ավետարանոցի գյուղապետին զանգահարել է Վիտալի Բալասանյանը։ Հանձնարարել է, որ բոլոր փայտահատներին հավաքի, նրանց ապահովի էլեկտրական սղոցներով: Հատված ծառերով Ավետարանոց բերող բոլոր ճանապարհներն ու արահետները պետք է փակվեին, որպեսզի հակառակորդի մարդատար մեքենաները չկարողանային առաջանալ։ Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ բանը դրան չի հասնում։

Հոկտեմբերի 22-ին, մինչ Շահեն Մեղրյանի անվան ջոկատը կհասներ Հին Թաղերհակառակորդի ուժերը Հադրութի կողմից արդեն հասել էին Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղի հարակից անտառներ (ուղիղ գծով Հադրութից 24 կմ առաջացել էին)։

Ավետարանոցում գտնվող գյուղացիներից կազմված խումբը օգնության է գնացել Մոշխմհատի դիրքապահներին։ 9 հոգի մնացել է անտառում, մյուսները դիրքավորվել են։ Նրանցից Սլավիկը զանգահարել է Ավետարանոցի գյուղապետ Սևակ Բաղդասարյանին, ասել, որ չի կարողանում կապ հաստատել ձորակի աշխարհազորի հրամանատար Վրեժ Բաղդասարյանի հետ։ Սլավիկը տեսնում է, որ հակառակորդը մեծ խմբերով շրջանցում է Մոշխմհատը։ Հասկանում է, որ եթե փորձեն մարտի բռնվել, ապա զոհեր կտան և չեն կարողանա տեղեկատվություն հայտնել այդ հատվածից։

Գիշերը Ավետարանոց է վերադառնում այն 19 գյուղացիները, որոնք Ասկերանի պաշտպանական շրջանում ՄՈԲ-ի կազմում ներգրավված էին մարտական գործողություններում։ Գյուղապետ Սևակ Բաղդասարյանը գյուղում տեղավորում է վերադարձածներին։ Դրանից հետո մի կերպ կարողանում է խոսել աշխարհազորի հրամանատար Վրեժ Բաղդասարյանի հետ, տեղեկացնում իրավիճակի մասին։

Հոկտեմբերի 23-ին Ավետարանոցի գյուղապետին է զանգահարում Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը (ներկայում՝ Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ) եւ, շատ չանցած, 1 տանկ և 1 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա) ուղարկում։ Տանկը՝ Մոշխմհատ, ՀՄՄ-ն՝ Ավետարանոց, որը հետագայում չի աշխատել։ Ասկերանից վերադարձած 19 գյուղացիները, միանալով գյուղում եղածներին, դիրքավորվում են Ավետարանոցից Մադաթաշեն գնացող ճանապարհի կամրջին հարող բլրի վրա։ Ընդհանուր 40-հոգանոց խմբում մտածում են, որ հակառակորդը ճանապարհով պետք է առաջանա դեպի Ավետարանոց։ Դիտարկելով հակառակորդի հնարավոր առաջխաղացման ուղիները եւ չնկատելով ոչ մի շարժ՝ որոշում են 1.5 կմ առաջանալ Մադաթաշեն-Մոշխմհատ հատվածով։ Հասկանալով, որ առաջացած հատվածը դիտարկելու համար բարենպաստ պայմաններ չկան, վերադառնում են ելման կետ։

Հոկտեմբերի 23-ի օրվա երկրորդ կեսին «Շահեն Մեղրյան» ջոկատի տղաները Ավետարանոցով հասնում են Ակնաղբյուր։ Նրանք շուրջ 85 հոգի էին, որոնցից 65-ը եկել էր Երևանից, իսկ մյուս 20-ը՝ «Եղնիկներից», որտեղ մարտական հերթապահություն էին իրականացնում մինչ այդ («Շահեն Մեղրյան» ջոկատի մի մասը շարունակել է մնալ «Եղնիկներում»): Ջոկատի խնդիրն ի սկզբանե հակառակորդի դիվերսիոն խմբերը ոչնչացնելն էր։ Առաջին գործողությունը հենց Ակնաղբյուրի հարակից անտառներում է տեղի ունենում։

Նույն օրը Ակնաղբյուր գյուղի դպրոցում խորհրդակցություն է տեղի ունենում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ։ Մասնակցում են ՊԲ շտաբի պետը, ԱԱԾ պետը, ՊԲ օպերատիվ բաժնի պետը, բարձրաստիճան զինվորականներ, պատասխանատուներ։ Խորհրդակցության նպատակը տարածքում մարտերին մասնակցող ուժերի գործողությունների ներդաշնակեցումն էր։ Ասկերանի շրջանի այդ հատվածում բանակային կանոնավոր զորամիավորումներից այդ օրերին կար Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար Կարեն Մաթևոսյանի ղեկավարմամբ գործող երկու վաշտ, մի նռնականետային մարտկոց և Արցախի ԱԱԾ-ի հատուկջոկատայինները։

Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները և Կարեն Մաթևոսյանի ղեկավարած վաշտերը ելման դիրքերում էին։ Հրաման ունեին հակադիվերսիոն գործողությունները շարունակել, մինչեւ կավարտվի խորհրդակցությունը։ 

Ավարտից հետո Ռոլանդ Այդինյանը և Կարեն Մաթևոսյանը ճանապարհել են նախագահին, մյուս պաշտոնյաներին և միացել իրենց զորքին։

Ակնաղբյուր-Մոշխմհատ-Ավետարանոց հատվածում նկատվել է հակառակորդի  զինված խումբ։ «Սրանք՝ լրիվ տեռորիստական, սև մայկով, առանց կասկա, բրոնիժիլետ, մահապարտի նման, թրաշներով, 22 հոգի։ Հանգստանալուց են լինում։ 10 մետրի վրա տղերքը տեսնում են, բա՝ հա՞յ եք, էսի ասում ա՝ հա, հայ ենք (խոսել են հայերեն - «Հետք») ու ձեռքը տանում է, որ ավտոմատը վերցնի։ Չի հասցնում։ Այդ խումբը լրիվ վերացնում են տղերքը։ Այդ խմբից 2 հոգու իրենք նստացրած են լինում անտառում, որ պահեն, դրանք են սաղ մնում, փախնում են։ Դա առաջին օրն է»,- պատմում է Ռոլանդ Այդինյանը։

Նույն օրը ձորակի գյուղերում խրամատներ փորելու համար «JCB» տեսակի էքսկավատոր է բերվել, որը, սակայն, Ավետարանոցի հրետակոծության պատճառով խրամատ չի փորել։ Գնացել է Ակնաղբյուրի հատված։

Հոկտեմբերի 24-ին Ավետարանոցի գյուղացիներից կազմված խումբը Մադաթաշեն տանող կամրջին հարող նույն հատվածում շարունակել է դիրքավորված մնալ։ Մատաղիսից բերված 2 վաշտն ու 1 մարտկոցը հյուսիսում՝ Սզնեքից մինչև Խաչմաչ էին դիրքավորված։ Ավետարանոցը գնդակոծվում էր։ Հիմնականում՝ գերեզմաններին հարող հատվածը։ 

Շահեն Մեղրյանի անվան ջոկատն այդ օրը գործողություն չի արել։ Ակնաղբյուրում կայացած խորհրդակցության ժամանակ որոշված է եղել հակադիվերսիոն գործողություններից հետո մաքրված հատվածներում դիրքեր դնել ու պահել։ 

Տեղեկություն է ստացվել, որ հակառակորդը մեծ շարասյունով առաջանում է։ Ավետարանոցի եկեղեցու մոտից նկարահանող անօդաչու սարք է բարձրացվում օդ՝ շարասյունը տեսնելու համար։ Հակառակորդի 6 «պիկապ» եւ 1 «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներ առաջանում են դեպի Շահեն Մեղրյանի անվան ջոկատի կողմից նախորդ օրը ոչնչացված խմբի տեղակայման վայրը։ Ջոկատի տղաները կարծում են, թե շտապօգնություն է, դիակների հետևից են եկել։ Դրոնի կադրն ավելի են մոտեցնում և տեսնում են, որ մեծ զորախումբ է գալիս՝ 20 «ԿամԱԶ» մեքենաներով։ Նկարահանումը փոխանցում են ՊԲ-ին։ Դրանից հետո՝ նույն օրը, մի անգամ էլ պաշտպանության բանակի անօդաչու սարքն է օդ բարձրանում, արձանագրում թշնամու շարժը։ Դրանից հետո բանակը պետք է գործողություն կատարեր։ Ըստ Ռոլանդ Այդինյանի՝ Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները Ավետարանոցից գնում են Սղնախ և Քարին Տակ գյուղերի միջնամասում գտնվող Չախմախ տեղամաս՝ սպասելով, որ ՊԲ-ն պետք է հրետակոծի դրոնով նկարահանված զորախումբը, որպեսզի հաջորդ օրն իրենք գան ու «մաքրեն» այդ հատվածները։ Հայտնի չէ՝ հրետակոծություն կատարվեց, թե՞ ոչ։

Հոկտեմբերի 25-ին գյուղացիները, առանց գիշերային տեսանելիության սարքերի և խոշոր տրամաչափի զենքերի, շարունակում են մնալ նույն դիրքում։ Ի տարբերություն նախորդ օրերի՝ գյուղացիների 40-հոգանոց խմբի մի մասը դիրքերի փոխարեն գյուղում է եղել։ Ասկերանի վարչակազմից զանգահարել և գյուղապետից տեղեկություններ են հարցրել։ «Ցուցակ էին կազմում՝ ո՞վ կա ստեղ, էլ չէին ասում՝ ի՞նչ ա պետք։ Ո'չ խրամատ կար, ոչ մի պաշտպանական գիծ չկար»,- նշում է Սևակ Բաղդասարյանը։ 

10-15-հոգանոց խումբ էլ պահել է Մադաթաշենի դիրքերը: Իսկ Մոշխմհատ գյուղն արդեն հակառակորդի վերահսկողության տակ էր։ 

Հոկտեմբերի 26-ին Ավետարանոցը և հարակից գյուղերը գնդակոծվում են։ Զոհվում է Ավետարանոցի բնակիչ Գևորգ Համբարձումյանը, 4 հոգի վիրավորվում է։ Գյուղում գտնվող ՀՄՄ-ի անձնակազմը, դեռևս չպարզված հանգամանքներում, չի կարողանում գործարկել տեխնիկան։

Հոկտեմբերի 26-ին Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները Ավետարանոց մտնելիս հանդիպում են գյուղը լքող գյուղացիների։ Ռոլանդ Այդինյանը դժվարանում է ասել՝ նահանջող, թե՞ փախչող խումբ էր, բայց վստահ է, որ խառնաշփոթ էր նրանց մոտ։ Խնդրում են ջոկատին ուղեկցել գյուղի դպրոցի կամ եկեղեցու մոտ։ «Գոնե մտնենք տեսնենք՝ մարդ չմնա։ Իրենք՝ բա չէ, մենք չենք կարա տանենք ձեզ, սաղ չեք մնա։ Ասում ենք՝ ձեր գործը չի։ Այդ խոսակցության պահին այդ գյուղացին ասում է՝ հե՜ն են թուրքերը։ Ու ցույց է տալիս մեր հետևը՝ Սղնախի կողմը»,- նշում է Ռոլանդ Այդինյանը։ 

Այդ պահին հակառակորդի մեծաթիվ ուժեր ոտքով, ուսապարկերով, շարասյունով Ավետարանոցին են մոտենում հարավարևմտյան մասից՝ գյուղի թիկունքից («Բոստաններ» կոչվող տարածք)։

Ավետարանոցի գյուղապետ Սևակ Բաղդասարյանն այդ դրվագն այսպես է ներկայացնում. գյուղացիները նախ գնում են Սղնախ, ապա՝ վերադառնում Ավետարանոց։ Իրենց գյուղ վերադառնալու համար նստում են «Ուրալ» տեսակի մեքենաներ, սակայն հրետակոծություն է սկսվում։ Հասկանալով, որ մեծ մեքենայով վտանգավոր է, փոքր մեքենաներով վերադառնում են գյուղի դպրոցի մոտ։

«15 հոգի փոքր մեքենայով, նոր գյուղապետի հետ գնում ենք, հասնում ենք դպրոցի մոտ, տեսնում ենք, որ հատուկջոկատայինները՝ մեր սպեցնազը, Ակնաղբյուրի կողմից է եկել։ Երկու բառ խոսում ենք, տեսնենք՝ ինչ է կատարվում, այդտեղ մի հատ ռումբ է ընկնում։ Մի 7 հոգի վիրավորվում է, հետո նորից է ընկնում, 25 հոգի էլի վիրավորվում է։ 

Հենց ճանապարհը ռմբակոծության է ենթարկվում, դուրս ենք գալիս, գյուղից 1.5-2 կմ հեռավորությամբ՝ դեպի Սղնախ գնացող աղբյուր կա, այնտեղ ՝ «Երեքկռան» են ասում (Երեքաղբյուր), Ռոլանդի ջոկատն էլ եկած, սպեցնազի մնացածն էլ այդտեղ են»,-պատմում է Սևակ Բաղդասարյանը։

Սղնախ-Ավետարանոց ճանապարի՝ Ավետարանոցին հարող «Երեքաղբյուր» կոչվող հատվածում են լինում Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, ԱԱԾ–ի հատուկջոկատայինները, Ավետարանոցի գյուղացիների խումբը և Սերգեյ Խաչատրյանը՝ ռուսական համարներով «ՈւԱԶ» մեքենայով։ 

Ռոլանդ Այդինյանի ղեկավարած արդեն 50-հոգանոց ջոկատի մի մասը դիրքավորվում է Սղնախ-Ավետարանոց գյուղամիջյան ճանապարհի եզրին, քանի որ վտանգ են տեսնում, որ հակառակորդը կարող է ճանապարհը կտրել։ Մյուս մասը դիրքավորվում է ճանապարհից հարավ-արևմուտք գտնվող բարձունքի ձախ մասում, որպեսզի դեպի հակառակորդը առաջացող հայկական խմբին տեսնի։

Ռոլանդ Այդինյանը պատմում է հակառակորդին նկատելուց հետո այդ օրվա գործողությունը՝ մանրամասնությամբ․ «Մի մասս հետևով իջել ենք ձորակ։ Խորը ձորակ է, բարակ ծառեր են աճած, որ 10 մետր հետո էլ չես տեսնում, բայց դիմացդ երևում է։ Գնում ենք շատ մոտիկից՝ իրենց խոսակցությունները լսելով։ Մեզ պետք է, որ իրենք մի տեղ հենց կանգնեն, մեր գործն անենք։ Այդ պահին կապ է տալիս ձախ թևի խմբի ղեկավարը, ասում է՝ կամանդի'ր, ձեր հետևից 70 հոգի մտնում են, ի՞նչ անեմ, ասում եմ՝ հեռավորությունը չափի։ Չափում է՝ 150-200 մետր։ Ասում եմ՝ խոցման բանում է, վսյո, խոցեք։ Ու խփում են, մերոնք խփում են, ու տարբեր տեղերից սկսվում է։ Դիմացը մեր տղաները 15 հոգուն պառկացնում են այդտեղ։ Սրանք արդեն դիմշաշկեքը գցում են, որ իրենց զոհերին ու վիրավորներին հանեն։ Այլանդակ հրաձգություն է սկսվում։ Ձորակի մեջ է։ Մենք ինչ տեսել էինք, գիտեինք՝ դա են, բայց պարզվում է՝ 250-300 հոգի մարդ ունեն դրանք, ու սաղ՝ շուրջներս։ Մենք մեջն ենք, ու կրակում, կրակում են մեր վրա։ Իմ ձախ թևի տղեքը, լավ է, պահում են։ Մենք ներքևում ունեինք ԲՄՊ մեքենա, որը 2 հատ կրակեց, ու տեսանք, որ չկա, եսիմ ուր էր գնացել։ Տենց պահում է մեզ, ու մենք ձորից դուրս ենք գալիս ու լայն կածանով հայտնվում ենք թուրքերի բազայում։ Որտեղ իրենք մնացել են թե մի օր, թե երկու օր։ Դրանք շուտվանից ներթափանցած են եղել»։

  • Կիսվել: