Գաղափարը լավն է, բայց նախագիծն ունի թերություններ. Վիլեն Գաբրիելյանը զոհված զինծառայողների ընտանիքի անդամների երաշխիքների նախագծի մասին
Ազգային ժողովի 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 20 հարց, որոնք ընդգրկվել են օրակարգում՝ առանց քվեարկության:
Երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց մասով գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն. դրանք 34-ն են և նույնպես ընդգրկվել են 8-րդ նստաշրջանի օրակարգում՝ առանց քվեարկության:
Երրորդ բաժնում ընդգրկված է 1 հարց՝ «ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել, և որ այն օրակարգ ընդգրկելու համար պետք է քվեարկել առանձին:
Նախքան քվեարկությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պարզաբանեց, թե ինչպես է ծնվել նախագիծը:
«44-օրյա պատերազմից հետո տարբեր գերատեսչություններ, նախարարություններ, Կառավարությունը, ՏԻՄ-երն ընդունել էին տարատեսակ որոշումներ, որոնք առաջնային նշանակություն ունեին՝ կարճ ժամանակում որոշ խնդիրներ լուծելու համար: Ստեղծվել է մի վիճակ, որ այս տարբեր գերատեսչությունների կողմից ընդունված որոշումներն իրար հետ որոշ հակասություններ ունեն, շատերը տեղյակ չեն այդ մասին»,- ասաց Նազարյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց՝ հանձնաժողովը նախագծին 3 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ ձայներով է քվեարկել, իսկ ձեռնպահը նաև չհաստատող կողմ է, ապա նաև ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության հիմնավորումը:
«Այնտեղ, ըստ էության, ի՞նչ է ասվում, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի, տարբեր օրենքների միջոցով ձեր բարձրացրած և ամբողջացնելու ցանկություն ունեցող օրինագիծը ստացել է իր լուծումները, և այդ լուծումներով հանդերձ այսօր լուծել է բազմաթիվ խնդիրներ»,- ասաց Քոչարյանը և խմբակցությանը կոչ արեց դեմ քվեարկել նախաձեռնությանը:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու. «Այն կարգավորումները, որոնք առաջարկվում են օրենքի հեղինակի կողմից, տարբեր իրավական կարգավորումներով արդեն իսկ հասցեագրված են. սա է եղել Կառավարության դիրքորոշումը, և այս դիրքորոշման վրա հիմնված՝ գլխադասային հանձնաժողովը չի հաստատել նախագիծը»:
Գեղամ Նազարյանի նախաձեռնությանը կողմ քվեարկեց 31 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռպահ՝ 2, նախագիծը չընդգրկվեց օրակարգ:
Մտքերի փոխանակության ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ընդգծեց՝ գաղափարը պետք է և լավն է, բայց նախագիծն ունի թերություններ, և այն պետք է լավարկել:
«Եթե նախագծին հենց հիմա կողմ քվեարկենք, վաղը մտներ ուժի մեջ, մեխանիզմի տեսանկյունից չէր աշխատելու, որովհետև այն, այնուամենայնիվ, ունի թերություններ»,- ասաց պատգամավորը և հավելեց՝ ՊՆ գործընկերների հետ պետք է համագործակցել, քանի որ, ի վերջո, նմանատիպ բովանդակությամբ նախագիծ ընդունվելու է: