հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԹՍ-ի տարբերակը բացառվում է. զինդատախազը՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի մասին

ԱԹՍ-ի տարբերակը բացառվում է. զինդատախազը՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի մասին

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը բացառում է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառը կարող է ԱԹՍ–ն լինել։ Այս մասին նա ասաց Հանրային ՀԸ-ի եթերում` անդրադառնալով դեպքի առնչությամբ առկա վարկածներին։

Էլիզբարյանը, մասնավորապես, նշեց. ՛՛ԱԹՍ–ի որևէ տվյալ չունենք` ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դատախազությունը։ Կարծում եմ, որ բացառված է, քանի որ ողջ մնացած զինծառայողներ, սպա կա, և նրանց հետ զրույցները ցույց են տալիս, որ պայթյուն տեղի չի ունեցել՛՛։

Նրա խոսքով՝ այժմ հարցաքննությունների և փորձաքննությունների փուլն է։ Ներկա պահին քննիչները 2-3 զինծառայողի արդեն հարցաքննել են, այդ թվում` հոսպիտալում գտնվող զինծառայողի։

Զինդատախազը հավելեց, որ այժմ իրականացվում են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ Քանի որ ոմանց մարմիններն անճանաչելի են, կվերցվեն գենետիկական նմուշներ։ Ողջ մնացածների դեպքում էլ դատաբժշկական փորձաքննություններ են արվելու` պարզելու վնասվածքների աստիճանները։ Նյութագիտական, պայթյունատեխնիկական, հրդեհագիտական և այլ համալիր փորձաքննություններ նույնպես անցկացվելու են։

Էլիզբարյանը հայտնեց, որ դեպքը եղել է զորանոցի միջանցքում. ՛՛Նախնական տեղեկություններով` ինժեներասակրավորային վաշտի սպան` կոչումով կապիտան, որը գտնվել է տվյալ շինությունում և հանդիսացել է օրվա պատասխանատու հերթապահը, գիշերը ժամը 01։30-ի սահմաններում զորանոցի միջանցքում տեղակայված վառարանի կրակն ավելի թեժացնելու նպատակով դուրս է եկել և տարածքում գտնվող ավտոբենզինով լի 5 լիտրանոց տարան վերցրել է ու վերադարձել շենք։ Վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, բոցի հետևանքով նա այրվածք է ստացել, մեխանիկորեն տարան ձեռքից նետել է, ինչի հետևանքով հրդեհը տարածվել է՛՛։

Ըստ զինդատախազի` սպան բղավել է, միջոցներ է ձեռնարկել զինծառայողներին հանելու, բայց կրակն արագ տարածվել է, մուտքը արգելափակվել է, ու զինծառայողները դռնից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել այդ պահին։ Հետագայում միջամտել են դրսում գտնվող ժամկետային մի քանի զինծառայող, որոնք ծառայություն են իրականացրել։ Երկուսին դուրս են բերել պատուհանների ճաղավանդակներից, այնուհետև ծխի պատճառով հնարավոր չի եղել որևէ միջոց ձեռնարկել։

Էլիզբարյանը հայտնեց, որ սպան ողջ է, այս պահին Երևանի այրվածքաբանության կենտրոնում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցությունը տեղն է, սակայն կոնտակտի դժվար է դուրս գալիս. դեմքի և մարմնի այլ հատվածներում այրվածքներ ունի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ։ Ըստ նախնական տեղեկությունների` վառելիքը բենզին է, փորձաքննությունները ցույց կտան, թե իրականում ինչ է։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը և այլ պաշտոնյաներ։

  • Կիսվել: