ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2022 թվականի ընթացքում կավարտվեն Սյունիքի 8 գյուղերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները

2022 թվականի ընթացքում կավարտվեն Սյունիքի 8 գյուղերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«2021 թվականի ընթացքում առաջին փուլով իրականացվել է նշված սահմանապահ ուղեկալների շինարարական աշխատանքների 50 տոկոսը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ընթացքում»,- ասաց Հարությունյանը:
 

ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ Հայաստանի սահմանապահ զորքերում 2021 թվականի ընթացքում կազմակերպվել և իրականացվել է ժամկետային զինծառայողների նախնական զինվորական պատրաստումը, լավարկվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը՝ սահմանային անվտանգության ապահովման նոր մարտահրավերներին համահունչ, իրականացվել է սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում, իրականացվել են կազմ-հաստիքային փոփոխություններ, իրականացվել են սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման, ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման և վերանորոգման աշխատանքներ:

« Սահմանային շերտում տեղադրվել է նախազգուշացնող 55 վահանակ, 51 մոդուլային տնակ, տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր: Սահմանապահ ստորաբաժանումները համալրվել են անօդաչու թռչող սարքերով, համակարգչային տեխնիկայով, տեսաձայնագրող սարքերով և մոնիթորներով, մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոտեխնիկայով»,- եզրափակեց Հարությունյանը:

  • Կիսվել: