Զելենսկին ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի դեսպանատանը և «Bayraktar» գործարանին Ռուսաստանի հասցրած հարվածը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ադրբեջանի դեսպանատանը և «Bayraktar» գործարանին Ռուսաստանի հասցրած հարվածը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկեցինք հետագա դիվանագիտական քայլերը։ Ուկրաինան պատրաստ է մասնակցել առաջնորդների ձևաչափին, քանի որ դա միակ արդյունավետ ձևաչափն է։
Ցավոք, Ռուսաստանը խուսափում է դրանից և շարունակում է պատերազմը։ Երեկ երեկոյան ռուսները կրկին հարվածեցին Ուկրաինային՝ արձակելով ավելի քան 30 հրթիռ և մոտ 600 անօդաչու թռչող սարք։ Այդ հարձակման արդյունքում զոհվել է 17 մարդ, նրանց թվում՝ չորս երեխա։ Տասնյակ մարդիկ էլ ծանր վիճակում են, և բժիշկներն այժմ պայքարում են նրանց կյանքի համար։
Հարվածներ են հասցվել թուրքական ձեռնարկությանը, Ադրբեջանի դեսպանատանը, ԵՄ առաքելությանը, Բրիտանական խորհրդին և բնակելի թաղամասերին։ Դա Պուտինի պատասխանն է Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի գործընկերների բոլոր ջանքերին՝ սպանությունները դադարեցնելու համար։ Ահա թե ինչու է անհրաժեշտ ճնշում՝ պատժամիջոցների, մաքսատուրքերի և քաղաքական միջոցառումների միջոցով։ Մենք սպասում ենք վճռական քայլերի»։
Զելենսկին նաև նշել է, որ ինքն ու Էրդողանը մանրամասն քննարկել են անվտանգության երաշխիքները:


