ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի 90-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ Վանաձորում

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի 90-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ Վանաձորում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` մարզային ծրագրերի շրջանակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հոբելյանական 90-րդ թատերաշրջանը մեկնարկում է Վանաձոր քաղաքից:

Մայրաքաղաքի մշակութային կյանքի խորհրդանիշներից մեկը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, առաջին անգամ ավելի քան 150 աշխատակիցներով,  նոր թատերաշրջանը կբացի Վանաձորում։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր` Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), բեմադրող ռեժիսոր` Գեղամ Գրիգորյան (ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ), նկարիչ` Գրիշա Սահակյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)։

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում կներկայացվի «Երեք սոպրանո» խորագրով համերգը: Համերգի ընթացքում կհնչեն սիրված ժողովրդական մեղեդիներ Մելիք Մավիսակալյանի և Ստեփան Շաքարյանի մշակումներով:

Համերգին մասնակցելու են թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, թատրոնի առաջատար մեներգչուհիներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը, Նունե Բադալյանը:

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանում սպասվում են նոր առաջնախաղեր և հետաքրքիր նախագծեր։

  • Կիսվել: