չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում կնքվել է եռակողմ հուշագիր. կմեկնարկի «Հայքն Աշխարհին» ծրագիրը

Ստեփանակերտում կնքվել է եռակողմ հուշագիր. կմեկնարկի «Հայքն Աշխարհին» ծրագիրը

Այսօր՝ հուլիսի 5-ին, Tech Week Արցախ 2021-ի շրջանակում ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Tech Week Արցախ 2021-ի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև եռակողմ փոխգործակցության հուշագիր է ստորագրվել՝ ազդարարելով «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի Համաշխատանքային տարածքներ ստեղծելով Մարտունիում, Ասկերանում և Մարտակերտում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Այս գաղափարի նպատակը Արցախի շրջաններում տեղեկատվական ոլորտի աշխատակիցներ պատրաստելն է և հնարավորություն տալը, որպեսզի նրանք հեռավար կարգով ներգրավվեն տեխնոլոգիական ընկերություններում: Ցավոք սրտի, մինչև այսօր Արցախում ՏՏ ոլորտի մոտ 100 աշխատող ունենք։ Դրա համար մենք նպատակ ենք դրել առաջիկա ամիսների ընթացքում այս համագործակցության շնորհիվ Մարտունիում, Ասկերանում և Մարտակերտում ստեղծել ՀամԱշխատանքային տարածքներ, և Հայաստանի մի շարք ընկերություններ իրենց աշխատակիցներին կուղարկեն նշածս բնակավայրեր»,- մեզ հետ զրույցում նշել է Հ. Խանումյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Արդյունավետ կառավարություն հիմնադրամի հիմնադիր Մարինա Մալխասյանը մեծ ուրախություն հայտնեց, որ Tech Week Artsakh 2021-ի շրջանակում եռակողմ հուշագիր է ստորագրվել, որն իր հերթին ծրագրի մեկնարկ է ազդարարում:

«Ծրագիրը ընթանալու է երեք փուլով: Առաջին փուլում իրականացվելու են ծրագրի իրագործման տեղեկատվական աշխատանքները՝ ներկայացնելով և պատմելով Արցախի բնակչությանն ու հնարավոր գործընկեր և գործատու ընկերություններին այս ծրագրի և ստեղծվող հնարավորությունների մասին: Սա կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանն ու հնարավոր մասնակիցների արագ ընդգրկմանը ՀամԱշխատանքային տարածքներում աշխատելու գործընթացին: Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերում հավաքագրվելու են բոլոր հետաքրքրվածները և կազմակերպվելու է ձևավորված խմբերի վերապատրաստման գործընթաց, ինչպես նաև նախապատրաստվելու են գործատուների ցանցն ու ՀամԱշխատանքային տարածքները՝ հետագայում շարունակական կրթություն և զբաղվածություն ապահովելու նպատակով»,- նշել է Մ. Մալխասյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Tech Week Artsakh 2021-ի համահիմնադիր Սպարտակ Կյուրեղյանի խոսքով՝ հուշագիրը չէր կարող տեխնոլոգիական շաբաթվա մաս չկազմել, քանի որ բոլորն էլ նույն նպատակներն ու նույն տեսլականը ունեն Արցախում առկա խնդիրների կարգավորման և լուծման գործում:

«Մենք սրանով ստանձնել ենք պատասխանատվություն՝ մեր գործընկերներին և այլ նոր գործընկերների ներգրավելու այս գործընթացին: Այդ ընկերությունները մեծ ցանկություն կունենան, որպեսզի աշխատակիցներ գտնեն Արցախի Մարտունի, Ասկերան և Մարտակերտ բնակավայրերում»,- մեզ հետ զրույցում նշել է Ս. Կյուրեղյանը և հույս հայտնել, որ գործընթացը արագ կկազմակերպվի, որպեսզի արագացված տեմպերով նոր գյուղեր ու քաղաքներ ընդգրկվեն։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ այս և նման ծրագրերն ու համագործակցությունները, որ բխելու են Tech Week Արցախ 2021 նախաձեռնությունից, լինելու են ապագայի Արցախի սկիզբը և իրապես նորովի են ներկայացնելու Արցախն աշխարհին:

  • Կիսվել: