ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում «Ադրբեջանի պետական ահաբեկչական և էթնիկական զտումների քաղաքականություն» թեմայով ասուլիս է կազմակերպվել

Ստեփանակերտում «Ադրբեջանի պետական ահաբեկչական և էթնիկական զտումների քաղաքականություն» թեմայով ասուլիս է կազմակերպվել

Այսօր՝ մարտի 23-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ բուհում տեղի է ունեցել «Ադրբեջանի պետական ահաբեկչական և էթնիկական զտումների քաղաքականություն» խորագրով մամուլի ասուլիս:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հիմնական բանախոսները Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ու «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանն էին:

Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Կովկասագիտության կենտրոնի ռազմավարության մասն է կազմում պարբերաբար ազգային հիմնախնդիրների հետ կապված թեմաներով մամուլի ասուլիսներ կազմակերպելն ու այդ թեմայով զբաղվող տարբեր մասնագետների ներգրավելը:

Բնութագրությունը հասանալի չէ«Այն, ինչ տեղի ունեցավ 1920 թվականին, ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, քանի որ Հայոց ցեղասպանությունը այդ ժամանակահատվածում ոչ մի գնահատականի չարժանցավ և այն իրականացնողների նկատմամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց՝ բացառությամբ «Նեմեսիս» գործողության: Մտածել, որ Ադրբեջանը փոխելու է իր ձեռագիրը, բնականաբար, միամտություն է: Այս ամենին իրազեկված լինելով` խոսել խաղաղության մասին՝ ևս միամտություն է, որովհետև «Ադրբեջան», «Թուրքիա» և «խաղաղություն» եզրույթներն իրար հետ անհամատեղելի են»,-նշել է Հ. Ավանեսովը:

Նա անդրադարձել է վերջերս օկուպացված Շուշի քաղաքում Ադրբեջանցիների կողմից կազմակերպված ՄԱԿ-ի հետ համագործակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը և ընդգծել է, որ այն խախտում է ՄԱԿ-ի որդեգրած բոլոր բանաձևերը:

«Մեր գլխավոր նպատակն է ևս մեկ անգամ արձանագրել, որ, անկախ նրանից, որ Շուշին օկուպացված է, այն եղել և լինելու է հայկական»,-մասնավորապես ասել է բանախոսը:

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանն իր ելույթում փաստեց, որ այս ժամանակաշրջանը հայոց պատմության տխրագույն էջերից մեկն է:

Բնութագրությունը հասանալի չէ«1920 թվականի այս օրը Շուշիում ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ նախօրոք ծրագրված գործողություններ են իրականացրել և հրի մատնել քաղաքը, կոտորել նրա անզեն բնակիչներին, իսկ հիմնական մասը մառախուղի շնորհիվ կարողացել է փախչել ու ապաստան գտնել Քարին տակ և Վարանդայի մյուս գյուղերում: Շուշիի կորուստը մեզ համար ունեցել է ծանր հետևանքներ բոլոր առումներով, և այս ողբերգությունը պետք է դառնա պատմությունից դասեր քաղելու մի միջոց»,-նշել է Մ. Հարությունյանը` անդրադարձ կատարելով պատմական տարբեր ժամանակներում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կատարված ցեղասպան գործողություններին և կոչ անելով հանրությանը համախմբվել և միաբանվել մեկ գաղափարի շուրջ:

Բնութագրությունը հասանալի չէ«Մեր միասնության, մեր ջանքերի համատեղմամբ միայն մենք կարող ենք այս ծանր իրավիճակից դուրս գալ: Այսօրվա միջոցառումը առիթ է մեկ անգամ ևս անցյալի՝ մեզ ուղղված ուղերձները ներկայացնելու մեր ժողովրդին, և, անցյալի սխալներին անդրադառնալով, այդ նմանությունները ցույց տալ: Հույս ունենք, որ այս ուղերձները վերջապես տեղ կհասնեն և մենք մեզ համար անհրաժեշտ հետևություններ կկատարենք»,-ընդհանրացրել է Մ. Հարությունյանը:

Ասուլիսի վերջում բանախոսները պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

  • Կիսվել: