Գերմանիան Չինաստանին կոչ է արել աջակցել Ուկրաինայում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
Ինչպես հայտնել են Գերմանիայի կառավարությունից՝ զրույցի ընթացքում կանցլերը կոչ է արել Չինաստանի նախագահին՝ աջակցել Ուկրաինայում հրադադարի արագ հաստատմանն ուղղված ջանքերին։
Իսկ Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի նախագահի հետ զրույցից հետո հայտարարել էր, որ Փարիզը և Պեկինը հավատարիմ են Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին: Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Պեկինի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հետևողական է, պարզ ու թափանցիկ։