շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Սպառնացել են, որ «մինամյոտով» կխփեն, ասել եմ՝ չեմ իջեցնելու դրոշը». խրամորթցին պինդ կանգնած է ու շարունակելու է կանգնել իր հողի վրա

«Սպառնացել են, որ «մինամյոտով» կխփեն, ասել եմ՝ չեմ իջեցնելու դրոշը». խրամորթցին պինդ կանգնած է ու շարունակելու է կանգնել իր հողի վրա

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն այս տարվա  մարտին ադրբեջանական սադրանքներից հետո, այսօր վերադարձել է բնականոն կյանքի։ Գարնան սկզբին, երբ Ադրբեջանը կրակում էր խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախում նաև Խրամորթն էր՝ գյուղի հատվածում Քարագլուխ կոչվող բարձունքի ուղղությամբ առաջ գալուց հետո, անվտանգությունից ելնելով՝ գյուղի կանանց և երեխաներին տարհանել էին։

168.am-ի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այդ միջադեպից որոշ ժամանակ անց բոլորն էլ վերադարձել են գյուղ։

«Ներկայումս գյուղում հանգիստ վիճակ է, կրակոցներ չկան, վերջին անգամ երբ կրակեցին տրակտորի վրա, դրանից հետո որևէ կրակոց չի եղել։ Արտառոց բան տեղի չի ունեցել։

Ժողովուրդը չի հուսահատվում, բոլորն էլ հույսով ապրում են՝ սպասելով, որ ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Զորիկ Աբրահամյանը։

Գյուղապետը հիշում է 90-ականներին գյուղի վիճակն ու այն համեմատում այսօրվա հետ.

«90-ականներին մեր գյուղն ավերվել է  ազերիների կողմից, բնակիչները բռնել են գաղթի ճանապարհը, մարդկանց մի մասը գնացել է Ռուսաստան, մյուս մասը՝ Արցախի այլ հատվածներ։ Բնակիչների մի մասն էլ տեղակայվել է Խրամորթի վերևի հատվածում՝ ամրացրել դիրքերը և մինչև վերջ դիմադրել։ 1,5 տարի անց նորից գյուղն ազատագրել ենք, որից հետո գյուղում կյանքը վերստին սկսվել է, մարդիկ տուն են կառուցել, ընտանիք կազմել ու ապրել։

Իհարկե, ժամանակ է եղել, որ սրանից էլ վատ վիճակում ենք եղել, օրինակ, 90-ականներին զենքի տեսակետից նեղվում էինք, սովորական «ուչեբնի»  ավտոմատներով էինք կռվում։ Թշնամին հենց մի տեղից հեռանում էր, զենք էր թողնում, այդ զենքը վերցնում, կռվում էինք։ Բայց ի տարբերություն 90-ականների, հիմա շատ բան է փոխվել։ Այն ժամանակ ժողովուրդը սրտով էր կռվում, հանուն հողի, ապագայի, թասիբի ու նամուսի։

44-օրյա պատերազմում ես զինվորին չեմ մեղադրում, իրենք էլ ինչ-որ պահի զգացին, որ դավաճանված են… այս թեմայով շատ կարելի է խոսել, բայց ժամանակ չկա»,- շեշտեց Զորիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում հայ զինվորը չի պարտվել, անձամբ է տեսել, որ Վանաձորից, Գյումրիից խմբեր են գնացել Խրամորթ, հետո գնացել են Ջրական, այնտեղից էլ զանգել են, թե իրենց ասում են՝ նահանջեք, բայց չգիտեն, թե հրամանը որտեղից է եկել։

«Ժողովրդին խուճապի մեջ են գցել, այս ամենը սցենարով գրված բան էր, որպեսզի դիտմամբ մեզ տանեն պարտության։ Այն ժամանակ նման բան չկար, չկար դավաճանություն, կռիվը հողի համար էր՝ վերջ։ Այդքան ճանապարհ ենք անցել, հող ենք ազատագրել, բայց առանց կրակոցի թուրքը եկավ ու նստեց Ակնայում, սա դեռ քիչ էր, մի հատ էլ Փառուխն ու Քարագլուխը տվեցին։ Չեմ կարող ասել, թե ինչ խաղեր են տալիս, ո՞վ է սրա հեղինակը, ո՞ւմ ձեռնագիրն է, ի՞նչ են անում՝ չեմ հասկանում։ Զինվորը պատերազմում չի պարտվել, արիաբար կռվել է, բայց արի ու տես, վերջում ինչ եղավ, սպաներից փախել են, սա ի՞նչ կարգ է, նախկինում նման բան չի եղել՝ ուղղակի շշմելու է»,- շեշտեց նա։

Զորիկ Աբրահամյանի համոզմամբ՝ ադրբեջանցիները ստից բաներ մոգոնելով՝ ուզում են Լաչինը փակել, նրանց ձեռագիրը նույնն է՝ չի փոխվել։ 44-օրյա պատերազմում հաղթելուց հետո թշնամու ախորժակը բացվել է, և առաջիկայում շատ բան է անելու՝ գազը, լույսը կկտրի, պայմաններ առաջ կքաշի՝ հայությանը խեղճացնելու համար, որպեսզի մարդիկ լքեն Արցախը։

«Արցախը երբեք չի հայաթափվի, ինչ էլ անի թշնամին։ Ներկայումս կարող եմ ասել, որ մեզ մոտ նման խուճապ չկա։ Հազար անգամ թուրքը ռուս խաղաղապահներին ուղարկել է ինձ մոտ, թե՝ գնա ասա, թող գյուղից դրոշը հանեն, հազար անգամ էլ մերժել եմ։ Նույնիսկ սպառնացել են՝  «մինամյոտով» կխփեն, ասել եմ՝ չեմ իջեցնելու դրոշը, եթե դրոշն իջեցնեմ, էլ ինչի՞ համար ենք այստեղ ապրում։ Մեր դրոշը հանենք, իրե՞նցը դնենք։

Բնակիչները մեր հողի վրա պինդ կանգնած են ու շարունակելու են կանգնել։ Ես չեմ կարող ասել, թե արցախցիների մոտ որտեղից այսքան ուժ ու հույս, սա դարերով եկել է։ Սա մեր հողն է, բնօրրանը, մեր հազարատներն են այստեղ հուղարկավորված, ամեն մի քար հարազատ է։ Այս ամենը գալիս-գալիս է ու դառնում մի մեծ սեր հայրենիքի նկատմամբ։ Արցախցին հույսը չպետք է կորցնի, մենք այլ տեղ չունենք, մերը Արցախն է»,- ասաց Խրամորթի գյուղապետը։

Ինչ վերաբերում է Ամանորը նշելուն, Զորիկ Աբրահամյանն  ասաց, որ սովորականի նման պետք է պատրաստվեն, ինչի՞ համար պետք է ուրախանան կամ պարծենան, այդքան զոհ ենք տվել, վիրավորներ, անհետ կորածներ ունենք։

«Համեստ, սովորականի նման ենք դիմավորելու, բայց ոչ ճոխ ու այդպես խանդավառություններով»,- եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։

  • Կիսվել: