շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Ռուբեն Վարդանյանի վիճակը մտահոգիչ է. փաստաբանը՝ «դատի» և Ալիևի «սողանցքների» մասին

Ռուբեն Վարդանյանի վիճակը մտահոգիչ է. փաստաբանը՝ «դատի» և Ալիևի «սողանցքների» մասին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում՝ նա շատ է նիհարել, առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին APRI Armenia համաժողովի ընթացքում Sputnik Արմենիային հայտնեց Վարդանյանի իրավական հարցերով միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը։
 
«Ադրբեջանական բանտերում շատ դժվար է բոլոր հայերի համար։ Մտահոգիչ է, որ ԿԽՄԿ-ն միակ կառույցն էր, որը կանոնավոր հասանելիություն ուներ բանտարկյալներին, իսկ հիմա այն լքում է Ադրբեջանը», - ասաց Գենսերը։
Փասստաբանը պարզաբանեց, որ մտահոգիչ է հայ ռազմագերիների վիճակի անկախ մոնիթորինգի բացակայությունը։

Դատավարության մասին

Գենսերը հայտարարեց, որ Բաքվի դատավարությունը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին: Նախ՝ քաղաքացիական անձանց գործը քննում են ռազմական դատարանում, ինչը հակաօրինական է, ապա՝ բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական շարժառիթներ, իսկ դատական նիստն ընթանում է բազմաթիվ դատավարական խախտումներով։
Նա համոզված է, որ բանտարկվածների նկատմամբ Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով մեղադրական դատավճիռ կկայացնի։ Իսկ այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իհարկե, միջազգային հանրության ճնշման դեպքում, կարող է մեծահոգություն խաղալ։
 
«Նա կարող է հայտարարել, թե իբր մտահոգված է մարդասիրական հարցերով, ականջալուր է մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների կոչերին և որպես բարի կամքի ժեստ բաց է թողնում նրանց», - ասաց Գենսերը:
Փաստաբանի կարծիքով, Ալիևը ցանկանում է Բաքվում պահվող գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ և ռազմական հանցագործներ: Սակայն միջազգային հանրությունը հասկանում է՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լեգիտիմ չեն, Բաքվի բանտում գտնվող հայերը քաղբանտարկյալներ են, իսկ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել։
Ուստի ինչպես էլ անցկացվի դատավարությունը, ոչ մի բան, այդ թվում՝ բանակցային գործընթացը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, չի կարող ազդել դրա ելքի վրա։
Գենսերը նշեց, որ Բաքվում պահվող գերիներին կարելի է ցանկացած պահի ազատ արձակել, առավել ևս, որ «խաղաղության պայմանագրում» նրանց վերաբերյալ կետ չկա: Ամենահավանական սցենարը, ըստ փաստաբանի, հետևյալն է. նրանց ազատ արձակման մասին համաձայնությունը կարող է ձեռք բերվել «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը զուգահեռ՝ չլինելով դրա մաս:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: