հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շուշին պատկերող լուսանկարների ցուցահանդեսի հերթական այցելուները Հադրութի դպրոցի աշակերտներն էին

Շուշին պատկերող լուսանկարների ցուցահանդեսի հերթական այցելուները Հադրութի դպրոցի աշակերտներն էին

Ստեփանակերտի մշակույթի  և երիտասարդության պալատում այսօր Շուշիի թանգարանի՝ պատմական Շուշին պատկերող և բերդաքաղաքում հայտնաբերված արտեֆակտների և լուսանկարների ցուցահանդեսի հերթական այցելուները Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն էին:

Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Զինա Գասյանը պատմական էքսկուրսի միջոցով անցյալի իրադարձությունները կապեց ներկայի հետ: Այնուհետև դպրոցականները մեծ հետաքրքրությամբ դիտեցին  ցուցադրվող լուսանկարները:
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զ. Գասյանը նշեց, որ ցուցահանդեսը միշտ բաց է բոլոր դպրոցների աշակերտների համար, և ցանկալի կլինի, որպեսզի նման այցելությունները համընդհանուր բնույթ կրեն:
 
«Ողջունելի եմ համարում Հադրութի դպրոցի  նման նախաձեռնությունը:  Փորձել եմ վեր հանել պարտվողական բարդույթից ձերբազատվելու գաղափարը: Մենք պետք է պայքարենք մեր պատմական ժառանգությանը տեր կանգնելու համար», - նշեց  Զ. Գասյանը:
 
Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրենը աշակերտներին տեղում առաջարկեց  գրել իրենց բնակավայրերի մասին պատմությունները՝ հետագայում դրանք միասին քննարկելու նպատակով:
 
11-րդ դասարանի դասղեկ Մարգարիտա Ավետիսյանի խոսքով՝ այս այցելությունը յուրահատուկ   փորձ էր աշակերտների համար,  քանի որ նախատեսել էին անցկացնել «Կորուսյալ հայրենիք» թեմայով դասղեկի ժամ, որի շրջանակներում յուրաքանչյուր աշակերտ կներկայացնի իր հայրենի գյուղի պատառիկները՝ նաև լուսանկարների միջոցով:
 
«Դպրոցականները տպավորված են այցելությունից. միաժամանակ ցավ և հպարտություն են զգում: Վստահ են, որ, մեր սխալները հասկանալով, կարողանալու ենք վերադարձնել կորցրածը, քանի որ անելիքներ դեռ շատ ունենք»,֊ նշեց ուսուցչուհին:

  • Կիսվել: