Երևան-Կապան չվերթը բիզնես պրոյեկտից դուրս է, այն սոցիալական պրոյեկտ է՝ շնորհիվ ԶՊՄԿ-ի. Վարդանյան
TOUR EXPO 2026-ն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր նախասրահում համախմբել է տարբեր երկրների զբոսաշրջային կազմակերպությունների, ազգային տուրօպերատորների և ավիաընկերությունների։
Ի թիվս այլոց EXPO-ին իր տաղավարով ներկայացել էր նաև «Սյունիք» օդանավակայանը և «Նովէյր» ընկերությունը։
Լրագրողների հետ զրույցում «Սյունիք» օդանավակայանի և «Նովէյր» ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով տոմսերի արժեքի մասին, ասաց. «Թե՛ օդանավակայանի, թե՛ ավիաընկերության ծախսերը ֆինանսավորվում են ԶՊՄԿ-ի միջոցներով, և տոմսերի գնագոյացումն իրենից ներկայացնում է հետևյալ կոնցեպտը. մեծամասամբ սուբսիդավորված է կոմբինատի կողմից և ինքնարժեքից բավականին ցածր է: Երևան-Կապան չվերթը բիզնես պրոյեկտից դուրս է, այն սոցիալական պրոյեկտ է՝ շնորհիվ ԶՊՄԿ-ի: Ներկայումս ֆիքսված գին ունի՝ մեծահասակների համար՝ 20 հազար դրամ՝ մեկ ուղղության արժեքը»:
Անդրադառնալով օդանավակայանի միջազգայնացման հարցին՝ պարոն Վարդանյանը նշեց, որ ներկայումս ընթանում են քննարկումներ՝ նպատակահարմարությունը որոշելու համար, բացի այդ՝ միջազգային ստատուս ստանալու համար օդանավակայանում անհրաժեշտ է ներդնել որոշակի ծառայություններ՝ մաքսային, սահմանային վերահսկողություն և այլն: «Բավականին շատ ներդրումներ են անհրաժեշտ, դյուրին գործ չէ, բայց որոշակի հետևողական աշխատանքներ իրականացնելու դեպքում կարճ ժամանակահատվածում հնարավոր է ունենալ այդ արդյունքը»,-ասաց նա:
Վարդանյանն անդրադարձավ նաև Սյունիքի մարզի համար «Սյունիք» օդանավակայանի կարևորությանը և ասաց, որ, հաշվի առնելով Սյունիքի ռելիեֆը, ինչու՞ չէ, նաև քաղաքական որոշակի նրբություններ, օդանավակայանն էական դեր է խաղում թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական առումով՝ թեկուզ հենց միայն այն պատճառով, որ կապը Երևանի հետ էականորեն արագացել է՝ նախկին 5-6 ժամվա փոխարեն հնարավոր է հասնել ընդամենը 40 րոպեում, ինչը, իր հերթին, հնարավորություն է տալիս ոչ միայն Կապանում, այլև ամբողջ Սյունիքում ստեղծելու բիզնես միջավայր:
«Սկզբից օդանավակայանում Երևան-Կապան չվերթներն իրականացվում էին շաբաթական երկու անգամ: Սկզբնական հատվածում, կարելի է ասել, գրեթե կիսադատարկ չվերթներ էին, իսկ այսօր իրականացնում ենք երկուշաբթիից ուրբաթ՝ օրական երկու չվերթ. տոմսերի ձեռքբերման հերթեր են մեզ մոտ գոյանում»,-վստահեցրեց տնօրենը: Նա նշեց նաև, որ այս էքսպոյին իրենց մասնակցությունն ազդակ է առ այն, որ «Սյունիք» օդանավակայանն ու «ՆովԷյր» ավիաընկերությունը բաց են նոր առաջարկների և համագործակցությունների համար:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր են չվերթներ Գյումրիի ուղղությամբ՝ Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Եթե պահանջարկ լինի, օրինակ՝ տուրիստական կազմակերպությունները զարգացնեն այդ ուղղությունը, մենք պատրաստ ենք առաջարկով հանդես գալ, տեխնիկապես մենք պատրաստ ենք սպասարկել այդ չվերթը, պոտենցիալը կա: Բացի Երևան-Կապանից՝ պատրաստ ենք նաև իրականացնել Կապան- Գյումրի չվերրթներ»:
Իր հերթին Տուրիզմի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիամ Անդրոյանը, խոսելով «Սյունիք» օդանավակայանի և «ՆովԷյր» ավիաընկերության մասին նշեց. «Երկու ձեռքով ողջունում եմ, դա շատ մեծ պրոյեկտ է, առավել ևս՝ ես լսել եմ, որ այն կարող է մոտակա ժամանակներում դառնալ միջազգային, դա ներգնա տուրիզմի համար հիասքանչ պրոյեկտ է, կարծում եմ՝ ներգնա տուրիզմում այն կարող է շատ ավելի շատ տուրիստների ներգրավել, և կկարողանանք իրականացնել գերնպատակը՝ Հայաստանը դարձնել տուրիստական գրավիչ երկիր՝ իր առանձնահատկություններով:
Սյունիքից եթե Գյումրի թռիչքներ լինեն, շատ լավ կլինի: Որքան շատ են լինում թռիչքները, այնքան ավելի է զարգանում տվյալ երկրի զբոսաշրջությունը: Այսօր ունենք մեծաքանակ թռիչքներ տարբեր երկրներ, և ինչ-որ տեղ կարող ենք նույնիսկ համեմատվել Վրաստանի հետ: Միշտ ասում են՝ ինչու՞ ենք գնում Վրաստան. այնտեղ ավելի էժան է, հարմար է և այլն: Կարծում եմ ՝ այդ առումով մենք արդեն կարողանում ենք իրենց հետ ոտք մեկնել»:
Հիշեցնենք, որ 2017-2020 թվականների ընթացքում Սյունիք օդանավակայանն ամբողջությամբ արդիականացվել է, մասնավորապես՝ կառուցվել է նոր, ժամանակակից ուղևորային տերմինալ: Թռիչքուղին ամբողջությամբ վերակառուցվել է, տեղադրվել են նավիգացիոն նորագույն համակարգեր: 2020 թվականին օդանավակայանը ստացել է շահագործման սերտիֆիկատ։ 2023 թ. օգոստոսի 19-ին իրականացվել է առաջին պաշտոնական չվերթը Երևանից, իսկ 2023 թ. օգոստոսի 21-ից մեկնարկել են կանոնավոր ուղևորափոխադրումները: Ընդգծենք, որ օդանավակայանի շենքի կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ծախսերը ֆինանսավորել է մարզի խոշորագույն ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն այսօր էլ շարունակում է ֆինանսավորել «Սյունիք» օդանավակայանի շահագործման և սպասարկման, ինչպես նաև աշխատակազմի վարձատրության ծախսերը։ Բացի այդ՝ ձեռնարկությունը սուբսիդավորում է Երևան-Կապան-Երևան չվերթի տոմսերի արժեքի շուրջ 65 տոկոսը:

Նշենք նաև, որ ցուցահանդեսի կազմակերպիչ «Նեո Կոնցեպտ» ընկերության տնօրեն Զառա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսի գաղափարն առաջացել է զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին համախմբելու մտադրությունից, քանի որ իրենք մեծապես կարևորում են թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմի զարգացումը: «Մասնակից ընկերությունները թվով 50 պլյուս են, ունենք ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից, Կիպրոսից ու խոշոր մասշտաբով ներկայացված են նաև ՀՀ բոլոր մարզերը, քանի որ փորձում ենք ՀՀ զբոսաշրջային ներուժը մեծ չափով ներկայացնել»:
Սարգսյանը հավելեց, որ «Նեո Կոնցեպտ» ընկերությունը «Տուր էքսպո» ցուցահանդեսը կազմակերպում է առաջին տարին, սակայն այն լինելու է շարունակական՝ ամենամյա:









